ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի հարավային շրջանի դաշնային դատարանը որոշում է կայացրել, որի համաձայն Արգենտինան 1.33 միլիարդ դոլար պետք է վճարի հեջ-հիմնադրամներին, որոնք հրաժարվել էին 2001 թ. Արգենտինայի դեֆոլտից հետո մասնակցել պարտքի վերակազմավորումներին,- հաղորդում է RBK-ն:
Դատարանի որոշման համաձայն՝ Արգենտինան վարկատուներին պետք է վճարի մինչև 2012 թ. դեկտեմբերի 15-ը: Բացի այդ, դատավորն արգելել է Արգենտինային վճարումներ իրականացնել հօգուտ այլ վարկատուների, մինչև պետությունը վերջնահաշվարկ չկատարի հեջ-ֆոնդերի հետ:
Արգենտինայի էկոնոմիկայի նախարարը ԱՄՆ-ի դատարանի որոշումն անվանել է «իրավական գաղութարարության» արտահայտում՝ հայտարարելով, որ երկիրը կիրառելու է բոլոր հասանելի միջոցները հիմնադրամներին չվճարելու համար: Պաշտոնյան հայտարարել է, որ Արգենտինան բողոքարկելու է «անարդար վճիռը» ԱՄՆ-ի Գերագույն դատարանում:
Եթե Արգենտինայի կառավարությունը համաձայնի դատարանի որոշման հետ, ընթացիկ տարում կհետաձգվեն այլ վարկատուների վճարվող գումարները, ինչը կհանգեցի տեխնիկական դեֆոլտի։
Հիշեցնենք, որ 2001 թ. Արգենտինան հրաժարվեց վճարել պետական պարտատոմսերի շուրջ 100 միլիարդ դոլարի պարտքը, ինչը դարձավ պատմության մեջ ամենախոշոր սուվերեն դեֆոլտը:









































