Թիվ 12 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրված ԲՀԿ-ական Լյովա Խաչատրյանը այսօր «Հայացք» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց, որ ինքը պարտադրված է մեծամասնականով առաջադրվել. «Ես միշտ կողմ եմ եղել համամասնական ընտրակարգին, իսկ երկու անգամ մեծամասնականով եմ առաջադրվել, որովհետև խաղի կանոնները չէին փոխվել: Եթե հնարավորություն լիներ անցնել հարյուր տոկոս համամասնականին, շատ լավ կլիներ, բայց քանի որ նման բան չկար, հարկադրված առաջադրվեցի մեծամասնականով»:
Լրագրողի հարցին` մայիս ամսվանից մինչ այժմ ի՞նչ է արել պատգամավորը թիվ 12 ընտրատարածքի բնակիչների համար, բանախոսը պատասխանեց. «ԱԺ-ում բյուջեի հետ կապված առաջարկներ եմ արել: Իսկ բնակիչներին ես ոչ մի խոստում չեմ տվել, որ կատարեմ: Ասել եմ` կլինեմ ազնիվ և հասու: Այդ երկուսն արել եմ, բայց հստակ ինչ-որ խոստումներ ոչ մեկին չեմ տվել, որ կատարեմ: Առհասարակ ասեմ, որ այդ ընտրատարածքում միայն ես և Անահիտ Բախշյանն ենք հանդիպումներ ունեցել բնակիչների հետ, իսկ մնացած թեկնածուներն աշխատել են միայն իրենց նախընտրական շտաբներում»:








































