ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ կարծիքի է այսօրվա նիստին ԲՀԿ պատգամավորների չներկայանալու մասին, արդյոք պարտադիր չէ՞ր, որ այս կարևոր հարցի շուրջ քննարկում անցկացնելու համար բոլորն անպայման ներկայանային: Ի պատասխան` Թևանյանն ասաց.
«Նախ` պետք է հասկանալ, թե ինչու չեն ներկայացել: Հնարավոր է, որ ունենային առողջական խնդիր, կարող էր լինել հանձնաժողովի խնդիր: Հարցի էությունն այստեղ ԲՀԿ-ի չմասնակցած պատգամավորները չեն: Միևնույն է` եթե բոլորն էլ մասնակցեին, անհրաժեշտ քանակը չէր ապահովվելու:
Անհրաժեշտ էր, որ Հանրապետականից և ՕԵԿ-ից պատգամավորներ գային, որպեսզի քվորում լիներ: Եթե այդպես նայենք, օրինակ` ՀԱԿ-ից Ստեփան Դեմիրճյանը հիվանդության պատճառով չի կարողացել գալ: Այդ պատճառով մինչև չիմանանք այդ մարդկանց չգալու պատճառը, դժվար է որևէ մեկնաբանություն անել:
Ավելի կարևոր հարցն այն է, որ լավ կլիներ, եթե քաղաքական մեծամասնությունը անպայման մասնակցեր և քվորում լիներ: Եթե իսկապես իրենք գտնում են, որ պետք չէ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարել, թող գային, քննարկեինք, և դեմ քվեարկեին: Ի վերջո` մենք նույն արդյունքը կունենայինք, բայց կլինեին քննարկումներ, մարդիկ իրենց կարծիքները կարտահայտեին, տեղի կունենար նորմալ նիստ, որի համար էլ նախատեսված է խորհրդարանը: Խորհրդարան նշանակում է վայր, որտեղ խոսում են: Փաստորեն այսօր Հայաստանի խորհրդարանը չկատարեց իր գործառույթը: Մարդիկ պետք է գային, փորձեին իրար հետ բանավիճել, խոսել և նոր եզրահանգման գային»:
Անդրադառնալով այն հարցին, թե այդուհանդերձ` հնարավո՞ր է, որ իշխող կուսակցությունը իր ազդեցությունն ունեցել է ԲՀԿ պատգամավորների չներկայանալու վրա, Թևան Պողոսյանը նշեց, որ մինչև հստակ պատճառը չիմացվի` հարցը շահարկելն անիմաստ է.
«Եթե նույնիսկ բոլոր ԲՀԿ-ականներն էլ գային, միևնույն է` 53 ձայն էր ստացվելու և քվորում չէր լինելու: Այս պարագայում պետք է պարզվի, թե որն է եղել մարդու չգալու պատճառը. առանց պատճառն իմանալու` շահարկելն անիմաստ է: Ընդհանուր գաղափարն այն էր, որ այսօր այդ նիստը պետք է տեղի ունենար, և պարտադիր էր, որ քաղաքական մեծամասնությունը ներկայանար»:
Հիշեցնենք, որ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու ՀԱԿ առաջարկին հավաքվել էր անհրաժեշտ քանակությամբ ստորագրություն, և նիստը պետք է տեղի ունենար այսօր: Սակայն իշխող Հանրապետական կուսակցության, «Օրինաց երկրի» բոլոր պատգամավորների և «Բարգավաճ Հայաստան»-ի 6 պատգամավորների բացակայության պատճառով քվորում չապահովվեց:











































