News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի արտգործնախարար Մայա Պանջիկիձեն այսօր Թբիլիսիում հանդիպել է Մեծ Բրիտանիայի եվրոպական հարցերով նախարար Դևիդ Լիդինգթոնի հետ: Հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Պանջիկիձեն հայտարարել է, որ Վրաստանը պատրաստ է 2014 թվականից հետո էլ Աֆղանստանում մասնակցել խաղաղապահ օպերացիաներին այն ձևաչափով, որով կպայամանավորվեն ՆԱՏՕ-ի երկրներն ու դաշնակիցները:
Պանջիկիձեն հավելել է, որ բրիտանացի նախարարի հետ քննարկել են բազմաթիվ հարցեր, որոնք Մեծ Բրիտանիային կապում են Վրաստանի հետ. արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրվելը, ռուս-վրացական հարաբերությունները, Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը և Վրաստանի ներքաղաքական գործընթացները:
Դևիդ Լիդինգթոնը երկօրյա այցով Վրաստան է ժամանել այս գիշեր: