Առնվազն 2-3 տարի հետո «Արևելյան գործընկերության» շրջանակներում կսկսի գործել ԵՄ–ի հետ «Աշխատուժի ազատ տեղաշարժման ծրագիրը»: Օրերս դրա վերաբերյալ ԵՄ նախաձեռնությամբ քննարկում է տեղի ունեցել Վրաստանում: Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պարզաբանեց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը, «Արևելյան գործընկերության» շրջանակներում կիրառվելու է «ցիրկուլյար միգրացիա»:
«Խոսքն այն մասին է, որ «Արևելյան գործընկերության» շրջանակներում վիզաների ռեժիմը պարզեցվում է, և մարդկանց թույլատրելու են պաշտոնապես գնալ եվրոպական երկրներ, աշխատել ու վերադառնալ: Այդ դեպքում, իմ հաշվարկով, որակյալ աշխատուժի 10-30 %-ը հեռանալու է ՀՀ-ից: ՏՀՏ ոլորտում որակյալ աշխատուժն ավելի շատ է, բայց արդյունաբերության մնացած ոլորտներում մոտ 40 %-ն է որակյալ աշխատուժ, և դրա 10-30 %-ը կգնա երկրից, որովհետև Եվրոպան իր քաղաքացու պես բարձր աշխատավարձեր է վճարելու, այստեղից գնացող քաղաքացին այնտեղ օգտվելու է սոցիալական պաշտպանության ծրագրերից: Արտահոսք կլինի նաև ՏՀՏ ոլորտից: Պայմանագրային աշխատանքն ավարտելուց հետո ՀՀ քաղաքացին կվերադառնա որպես բարեխիղճ միգրանտ, հետո կրկին կկանչեն»,- ասաց Գ. Մակարյանը:
Նրա խոսքերով՝ ընդամենը 2-3 տարի անց այդ համակարգը կգործի և, եթե մենք այսօր հիմնարկներում չձգտենք արդյունավետությունը բարձրացնել և օրենսդրության կատարելագործմանը չնպաստենք, որ մարդիկ հավատան, հեռանկար գտնեն իրենց բիզնեսի մեջ, մենք կտապալենք ամբողջ արդյունաբերությունը:
Մակարյանը նշեց, որ նույն Գերմանիան աշխատուժի շատ մեծ պահանջարկ ունի, չի հասցնում մասնագետներ պատրաստել, և պետք է հրավիրեն «Արևելյան գործընկերության» երկրներից, այդ թվում՝ ՀՀ-ից, որոնք լինելու են տեխնոլոգներ, բանվորներ, ինժեներներ, տարբեր մասնագետներ, որոնք մեր կրթական համակարգի կադրերն են, այսինքն փող ենք ծախսել նրանց պատրաստման համար: Ծրագրի վերաբերյալ պայմանագիրը պետություններն արդեն ստորագրել են, ներկայում վիզաների հեշտացման հարցերն են կարգավորվում, առաջիկայում ամեն երկրի հետ միջպետական համաձայնագրեր պետք է ստորագրենք.
«Դա մի 2-3 տարվա խնդիր է, այսիքն 2014-15 թթ-ից այդ խնդրի առաջ կկանգնենք։ Եթե այս եկու տարում շատ լուրջ արդյունքների չհասնենք, կկորցնենք մեր աշխատուժը: Նաև ծրագիրը հնարավորություն է տալիս ընտանիքներով գնալ ԵՄ երկիր՝ հետ վերադառնալու պայմանով: Արդյունքում մեր տնտեսությունն ահավոր կթուլանա»:









































