News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլին «9-րդ ալիք» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ գրեթե հասել է իր երկու գլխավոր նպատակներին, որոնց ձգտել է վերջին տարիների ընթացքում. վտարել Միշային (նախագահ Միխեիլ Սաակաշվիլի) և վերադառնալ տուն:
Օկրուաշվիլին այս հարցազրույցը տվել է Թբիլիսիի միջազգային օդանավակայան ժամանելուց ժամեր առաջ, ուր վրացի իրավապահները ձերբակալել են նրան՝ 2008 թվականին նրա դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում:
Օկրուաշվիլին հայտարարել է. «Վերջին տարիներին ես երկու նպատակ ունեի. վտարել Միշային և վերադառնալ տուն: Առաջինը մասնակիորեն արդեն իսկ հասցված է իր ավարտին, և չնայած նրան, որ դա արվել է ուրիշների ձեռքով, ես նույնպես իմ փոքր ներդրումն ունեմ դրանում: Ինչ վերաբերում է իմ երկրորդ նպատակին, ապա դա կիրականանա մոտակա ժամերին: Մի քանի ժամ է մնացել, որ ես վերադառնամ տուն:
Անկախ նրանից, թե որտեղ կլինեմ ես, ես կլինեմ Վրաստանում: Հուսով եմ, որ նոր իշխանությունների ժամանակ երկրում իսկապես կտիրի արդարադատություն: Նոր կառավարությունը բավական ժամանակ ունի, որպեսզի նրանցից (իշխանական նախկին թիմից) պահանջի պատասխան տալ իրենց բոլոր արարքների համար: Հնարավոր է, որ ես պահանջեմ ինձ նույն բանտախցում տեղավորել այդ նենգ Ախալայայի հետ: Սա հումոր էր, մնացածը կտեսնենք»:
2008 թվականի մարտի 28-ին Օկրուաշվիլին հեռակա կարգով դատապարտվել է 11 տարվա ազատազրկման: Նա մեղադրվում է ծառայողական անփութության (342-րդ հոդված), ծառայողական լիազորությունների չարաշահման (332-րդ հոդված) և կաշառակերության (338-րդ հոդված) մեջ:









































