«Գերմանիան պետք է դուրս գա եվրոգոտուց: Եթե նա դա անի, եվրոգոտին կծաղկի: Այդ դեպքում եվրոն կէժանանա, բայց միևնույն ժամանակ կպակասի նաև պետությունների պարտքը»,- հայտարարել է ամերիկացի միլիարդատեր և բարերար Ջորջ Սորոսը՝ Վարշավայում անցկացված Եվրոպայի ճգնաժամից դուրս գալու թեմայով քննարկումների ժամանակ։ Այս մասին տեղեկացնում է «Լեհական ռադիոն»:
«Եվրոգոտու ճգնաժամը հաղթահարելու համար Գերմանիան պետք է վերադառնա մարկին, կամ գոնե մասնակի զիջի Հարավային Եվրոպայի երկրների պարտքերը»,– գտնում է Սորոսը: Այդ ժամանակ, նրա կարծիքով, իսկույն կմեծանա մրցակցությունը:
«Գերմանական շուկան կգրավեն Իտալիայի և Իսպանիայի էժան ապրանքները. այդ դեպքում Գերմանիան, իհարկե, խնդիրներ կունենա, իսկ եվրոգոտին՝ արդեն ոչ»,- նշել է միլիարդատերը:
Նշենք, որ Գերմանիան եվրոգոտում ամենախոշոր տնտեսությունն ունի: Ենթադրվում է, որ Եվրոպայում պարտքերի ճգնաժամի զարգացումը մեծ մասամբ կախված է Գերմանիայից: Եվրոպան այդ ճգնաժամի պատճառով աշխարհում կորցնում է իր հեղինակությունը:
Գերմանիայում գործազրկությունը 2012 թվականի հոկտեմբերին աճել է 6,9 %–ով, իսկ սեպտեմբերին այն կազմել էր 6,8 %: Գործազուրկների թիվը Գերմանիայում ընթացիկ ամսում ավելացել է 20 հազարով՝ այն դեպքում, երբ փորձագետները կանխատեսում էին դրա կեսը:









































