«Մանչեսթեր Յունայթեդ»-ը պատրաստ է լուծարել բելգիացի կիսապաշտպան Մարուան Ֆելաինիի հետ ստորագրած պայմանագիրը: Ընդամենը 1 տարի է, որ ֆուտբոլիստը հանդես է գալիս «Օլդ Թրաֆորդ»-ում:
Հիշեցնենք` կիսապաշտպանի տրանսֆերը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի միակ խոշոր ձեռքբերումն էր 2013 թվականի ամռանը: «Կարմիր սատանաներ»-ը շուրջ 27 մլն ֆունտ են վճարել «Էվերթոն»-ին` Ֆելաինիի տեղափոխության համար:
The Times-ի տեղեկությունների համաձայն` բելգիացին տեղ չի գտնում մանչեսթերյան ակումբի նոր գլխավոր մարզիչ Լուի վան Գալի ծրագրերում: Ակումբը պատրաստ է հրաժարվել կիսապաշտպանի ծառայություններից 15 մլն ֆունտի դիմաց:
Նախորդ մրցաշրջանում Բելգիայի հավաքականի կիսապաշտպանը մասնակցել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի 16 հանդիպումների և 1 գոլային փոխանցում կատարել:







































