Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում ԵՄ ներկայացուցիչների մասնակցությամբ Ռուսաստանը և Ուկրաինան դեռևս չեն կարողացել պայմանավորվել գազի գնի շուրջ: Այս մասին գրում է Cenzor.net-ը:
«Ուկրաինան հաստատում է մայիսի 28-ին գազի գնի հարցով Ստոկհոլմի արբիտրաժային դատարան Ռուսաստանի դեմ հայց ներկայացնելու մտադրությունը»,- ասել է Ուկրաինայի էներգետիկայի և ածխարդյունաբերության նախարար Յուրի Պրոդանը Բեռլինում եռակողմ հանդիպման արդյունքներով:
Պրոդանը նաև հայտնել է, որ բանակցությունների ընթացքում գազի գնի վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածությունների չեն հասել:
Նա ընդգծել է, որ Ուկրաինան նախկինի պես պատրաստ է վճարել գազի պարտքերը և ապագա մատակարարումների համար Ռուսաստանին վճարել 268 դոլար՝ հազար խորանարդ մետրի դիմաց:









































