Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի ամուսինը՝ «Բատկիվշինա» միջտարածաշրջանային հասարակական կազմակերպության խորհրդի ղեկավար Ալեքսանդր Տիմոշենկոն խնդրել է կնոջը դադարեցնել հացադուլը: Նա միջազգային կազմակերպություներին խնդրել է օգնել Ուկրաինային անցկացնել նոր, ազնիվ խորհրդարանական ընտրություններ: Այս մասին ասված է «Բատկիվշինայի» տարածած հայտարարությունում:
«11 օր է անցել այն բանից, երբ իմ կին Յուլյա Տիմոշենկոն հացադուլ է հայտարարել Ուկրաինայում ընտրական գործընթացի ամբողջական կեղծման դեմ: Այդ հացադուլն անցկացվում է հանուն Ուկրաինայի, դա վերջնաժամկետ է ներկայիս իշխանություններին, որ ապրել և կառավարել այսպես այլևս չի կարելի»,-ասել է Ալեքսանդր Տիմոշենկոն:
«Հացադուլը միակ բանն էր, որ կարող էր իրեն թույլ տալ ընդիմության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն, նույնիսկ իր առողջության ու կյանքի գնով նա ձգտում է հաստատել մարդկանց ազատ կամարտահայտման իրավունքը և գրավել աշխարհի ուշադրությունը Ուկրաինայի ներքին խնդիրների վրա»:
«Մենք աշխարհին խնդրում ենք չաջակցել բռնապետ Յանուկովիչին, չձևացնել, թե նա բարեփոխումներ է անցկացնում, այլ օգնել մեզ սկսել հրապարակային, միջազգային, հակակոռուպցիոն հետաքննություն Յանուկովիչի ընտանիքի և նրա շրջապատի ստվերային ֆինանսական գործունեության վերաբերյալ»:









































