Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) նախագահ Հու Ձինտաոն Կոմունիստական կուսակցության 18-րդ համագումարում իր ելույթի ժամանակ, ամփոփելով վերջին հինգ տարիներ երկրի ղեկավարության գործունեությունը, բարձրացրել է կաշառակերության և հավանական բարեփոխումների հարցեր,- հաղորդում է Reuters-ը:
«Եթե մենք չկարողանանք հաղթահարել այդ խնդիրը (կաշառակերություն), դա կարող է ճակատագրական լինել կուսակցության համար և նույնիսկ հանգեցնել կուսակցության և պետության անկման»,- ասել է Ձինտաոն:
Ձինտաոն նշել է, որ քաղաքական կառույցի բարեփոխումները պետական բարեփոխումների կարևոր մասն են կազմում: «Մենք պետք է շարունակենք ողջամտորեն գործել և ազգային ժողովրդավարությունը դարձնել ավելի ընդլայնված ու պրակտիկորեն կիրառելի»,- հավելել է նա:
Իր ճառում Հու Ձինտաոն շոշափել է «թայվանական հարցը»: Նա հայտարարել է, որ չինական ղեկավարությունը պատրաստ է շարունակել համագործակցությունը Թայվանի ցանկացած կուսակցության հետ, որն ընդունում է «միասնական Չինաստանի» սկզբունքը:
ՉԺՀ նախագահն ընդգծել է, որ Պեկինը Թայբեյին առաջարկում է քննարկել Թայվանյան նեղուցի շրջանի շուրջ ստեղծված իրավիճակը և փորձել ռազմական անվտանգության ապահովման համատեղ մեխանիզմ ստեղծել։









































