Աժ-ում ՀՀ նախագահի նախկին ներկայացուցիչ, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման եթերում հայտարարել է, թե ինքը միշտ էլ հնարավոր է համարել սոցիալական բունտը մեր երկրում, անգամ կանխատեսել էր Մարտի 1-ը. «Այն ժամանակ էլ ես նման սցենար կանխատեսում էի և ասում, որ հնարավոր է հիմնական իրադարձություններն ընտրություններից հետո տեղի ունենան: Հիմա նույն հասարակությունն է, նույն քաղաքական ուժերը, և հիմա էլ քաղաքական գործընթացները կարող են ունենալ նույն ձևը: Որպեսզի բացառենք նոր Մարտի 1-ը, պետք է ասենք, թե ինչն է փոխվել: Այսօր նույն սցենարի կրկնությունը կասեի անհնար է, եթե Մարտի 1-ի դասերը քաղած լինեինք»:
Գառնիկ Իսագուլյանի խոսքերով՝ պետք է ժողովուրդն ինքը զգա, որ իր կյանքը փոխվել է, հակառակ դեպքում՝ միշտ պատրաստ է գնալ ցանկացած սրացման: Հասարակության սոցիալական վիճակը բերում է կախվածության, հույսի բացակայությունը՝ ընտրությունների շրջանում սոցիալական ակնկալիքի: Իսկ երբ մարդիկ սոցիալական խնդիրներ չունենան, նորմալ կընտրեն: Հասարակությունը, ըստ Իսագուլյանի, չի հավատում, որ ինքը կարող է բան փոխել. եթե 93-94 թվականներին ժողովուրդն էր իշխում, ապա դրանից հետո իշխանությունը ժողովրդին օգտագործեց ընտրվելու համար:
«Իշխողի խնդիրը մնալն է, ընդդիմության խնդիրը՝ իշխանության գալը: ՀՀԿ-ն իշխանության է, կուռ կառույց ունի. ընդդիմությունը կարո՞ղ է միավորվել, կազմավորվել»,- ասել է Գառնիկ Իսագուլյանը՝ հավելելով, որ ընդդիմությունը պետք է կարողանա կազմակերպվել և հակակշռել իշխանությանը: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա խորհրդարանում նախագահի նախկին ներկայացուցիչը դեռ չի հասկացել թե ինչ է նշանակում ԲՀԿ-ի այլընտրանք լինելը. ո՞ւմ են այլընտրանք:
Անդրադառնալով կոռուպցիայի դեմ հայտարարված պայքարին՝ Գառնիկ Իսագուլյանն ասել է, որ դրա համար այսքան խոսելու և հանձնաժողովներ ստեղծելու կարիք չկար, բավական է մեկ խոսքը. «Բավական է հստակ կարգադրություն և պատիժներ, և կոռուպցիան կվերանա»։ Ըստ «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավարի՝ եթե հիմնարկի ղեկավարը կաշառք չի վերցնում, չի կարող վերցնել նաև շարքային աշխատողը:
Բանախոսը նաև նշել է, որ շատերը կարող են հավերժ նախագահ լինել, բայց կարող են և ընդամենը մեկ շրջան ղեկավարել ու մնալ պատմության մեջ, ինչն առավել կարևոր է. «Հիմա ո՞րն է մեր ղեկավարների ցանկությունը՝ հավերժ նախագահե՞լ, թե՞ մնալ պատմության մեջ»: Նա նաև ափսոսանք է հայտնել, որ մեր և Արցախի ղեկավարները չունեն նախագահների ակումբ, որտեղ կհավաքվեին և կքննարկեին երկրի համար կարևորագույն հարցեր:
Իսագուլյանն անդրադարձել է նաև իրեն ԱԺ-ում նախագահի ներկայացուցչի պաշտոնից վերջերս ազատելու թեմային: Հաղորդավարի հարցին. «Ասում են, որ Ձեզ պաշտոնից հեռացրել են, որովհետև Ռոբերտ Քոչարյանի թիմի անդամ եք», ԱԺ-ում ՀՀ նախագահի նախկին ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը պատասխանել է. «Մյուսնե՞րն ում թիմի անդամներ են»:









































