«Հրապարակ»-ը գրում է. «Երեկ Հովիկ Աբրահամյանը խորհրդարանի բարձր ամբիոնից խոստանում էր գործարարների համար հավասար մրցակցային դաշտ ստեղծել, անողոք պայքարել ստվերի և այս կամ այն գործարարի ձեռքից բիզնեսը խլելու զոռբայության դեմ։
Ծրագիրը մանրամասնորեն ուսումնասիրած անձինք ասում են, որ ընդհանուր առմամբ Հովիկ Աբրահամյանի ներկայացրած ծրագիրը շատ չի տարբերվում նախորդ կառավարության ծրագրից: Այս վարչապետը ևս նախկինի նման խոստանում է արժանապատիվ կենսապայմաններ, տարեցների կյանքի որակի բարելավում, անկախ դատական համակարգ, աղքատության կրճատում, տնտեսական 5 տոկոս աճ, նվազագույն աշխատավարձի բարձրացում՝ մինչև 65 հազար դրամ, ծնելիության խթանում: Անգամ նախկին վարչապետին հատուկ անհեթեթության հասնող ծրագրային կետեր կան՝ տեխնոպարկերի և «երեխաների սնուցման բարելավման» տեսքով: Բայց մի կարևոր հարցում, այնուամենայնիվ, նոր վարչապետը տարբերվում է նախկինից՝ իր ծրագիրը նա ներկայացնում է ոչ թե գերհուզական ելևէջներով, այլ սպառնալիքների ուղեկցությամբ՝ խոստանալով ազատել բոլոր այն պաշտոնյաներին, որոնք կհանդգնեն չաշխատել: Իր ասածը հիմնավորելով ոչ թե տարբեր դասագրքերից վերցրած տերմիններով, այլ ձայնի վստահ ինտոնացիայով և պարզությամբ:
Ընդդիմությանը, օրինակ, մարտահրավեր նետելով. «Պարտադրված եք մեզ հետ աշխատել, որովհետև մենք լավ ենք աշխատելու»։ Նա ոչ ՏՏ ոլորտի հեղափոխություն է խոստանում, ոչ հարյուր հազարավոր աշխատատեղեր: «Սուտ խոստումներ չեմ ուզում տալ: Կարող էինք գրել 100 հազար, է, գրված էր: Ես դեմ եմ այնպիսի թվեր գրելուն, որոնք իրականանալի չեն: Կառավարության գործը, իմ կարծիքով, ոչ թե աշխատատեղ ստեղծելն է, այլ պայմաններ ձևավորելը, որ աշխատատեղեր ստեղծվեն»,- ասում է նա՝ անգամ չնկատելով, որ այդ մտքերն իրենը չեն:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լուսանկարը` PAN Photo-ի









































