«Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Մարիո Բալոտելին չի լքելու թիմը Ծննդյան օրերի ընթացքում: Բրիտանական լրատվամիջոցները հայտնել էին, որ իտալացին տուն է վերադառնալու երկար ժամանակով, քանի որ Ծննդյան տոներին նրա հղի ընկերուհի Ռաֆայելա Ֆիկոն սպասում է երկար սպասված զավակի ծննդյանը:
«Բալոտելին այդ մասին չի խնդրել: Տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում»,- հայտնել են «Մանչեսթեր Սիթի»-ի մամլո ծառայության աշխատակիցները:
22-ամյա Բալոտելին յուրօրինակ ֆուտբոլիստ է, ով հաճախ է հայտնվում իտալական և բրիտանական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Նշենք, որ Ծննդյան տոների և Նոր տարվա օրերին Անգլիայում միշտ հագեցած է լինում ֆուտբոլային գրաֆիկը. 10 օրվա ընթացքում ակումբները 4-ական խաղ են անցկացնում:










































