Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Ուկրաինայի և Եվրամիության միջև նախատեսվող ասոցացման համաձայնագիրը «ոչ մի կերպ ուղղված չէ Ռուսաստանի դեմ»: Երեքշաբթի Leipziger Volkszeitung թերթում տպագրված հարցազրույցում Մերկելն ընդգծել է, որ «Ռուսաստանի հետ լավ հարաբերությունները բխում են մեր ընդհանուր շահերից»:
Գերմանիայի կանցլերի խոսքով՝ ինքն իր խնդիր տեսնում է նրանում, որպեսզի «նորից ու նորից ներկայացվեն այն նկատառումները և առաջարկները, որոնք ուղղված են մեր ներկա կոնֆլիկտի հաղթահարմանը»: Խոսելով մայիսի 25-ին Ուկրաինայում նախանշված նախագահական ընտրությունների մասին՝ Մերկելը հույս է հայտնել, որ Ռուսաստանը կճանաչի դրանց արդյունքները:
Դաշնային կանցլերը նշել է, որ մշտապես կապ է պահպանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Ես մշտապես խոսում եմ Ռուսաստանի նախագահի հետ Ուկրաինայի ճգնաժամի մասին: Ես նրան ասում եմ, թե որքան մեծ պատասխանատվություն է Ռուսաստանը կրում Ուկրաինայում իրավիճակի կայունացման գործում»,- ասել է Մերկելը:
Հիշեցնենք, ԵՄ-ի և Ուկրաինայի միջև ասոցացման համաձայնագրի քաղաքական բլոկը ստորագրվեց Բրյուսելում մարտի 20-ին: Համաձայնագրի տնտեսական մասը նախատեսվում է ստորագրել նախագահական ընտրություններից հետո:










































