ՆԱՏՕ-ի զինվորների անպատշաճ վարքագիծը կարող է Լատվիայի խորհրդարանում կոալիցիայի պառակտման պատճառ դառնալ: Դաշինքի ներկայացուցիչների հասցեին բարձրագոչ քննադատությունից հետո կոալիցիոն խորհրդի արտահերթ նիստ է գումարվել: Այս մասին գրում է Korrespondent.net-ը:
Լատվիայի ափերի մոտ տեղի են ունենում Open Spirit 2014 միջազգային ծովային զորավարժությունները, ինչի կապակցությամբ ՆԱՏՕ-ի նավեր են հանգրվանել նավահանգստային Վենտսպիլսե քաղաքում։ Անցյալ շաբաթավերջին, երբ ծովայինները դեռ սպասում էին գործողության մեկնարկին, քաղաքի գիշերային ակումբների մոտ միանգամից մի քանի միջադեպ է տեղի ունեցել: Դրանցից մեկի հետևանքով 21-ամյա հոլանդացի մի նավաստի գլխի լուրջ վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց:
Այս և նման միջադեպերից հետո Վենտսպիլսեի քաղաքապետ Այվար Լեմբերգսը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի նավաստիներն իրենց խոզի նման են պահում` անտեսելով տեղի օրենքները:
«Նրանք ալկոհոլ են օգտագործել և փոքր կարիքները հոգացել հասարակական վայրերում խանութների ցուցափեղկերին, փսխել են: Նրանք քաղաքի ծաղկաթմբերից ծաղիկներ են պոկել` մարմնավաճառներին նվիրելու համար: Նրանք իրենց պահում են բռնազավթողների նման, ովքեր չեն ճանաչում Լատվիայի ինքնիշխանությունը և օրենքները»,- ասել է քաղաքապետը:
Սակայն Լատվիայի վարչապետ Լայմդոտա Ստրաույուման հայտարարել է, որ կոլաիցիոն քաղաքական գործիչները, միևնույն է, որոշել են աջակցություն հայտնել Լատվիայում ՆԱՏՕ-ի ուժերի ներկայությանը։









































