ԱՄՆ ռազմական դատախազությունը պահանջում է մահապատժի ենթարկել ամբաստանյալ զինծառայողին, որը մեղադրվում է Աֆղանստանում 16 խաղաղ բնակչի սպանության մեջ: Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, գլխավոր մեղադրող, փոխգնդապետ Ջեյ Մորսը մտադիր է ապացուցել, որ ԱՄՆ բանակի ավագ սերժանտ Ռոբերտ Բեյլսը գործել է կանխամտածված:
Բեյլսի դեմ առաջադրվել է կանխամտածված սպանության 16 մեղադրանք և ևս 6-ը՝ սպանության փորձի համար: Բացի այդ, նրան մեղադրում են զորամասում ալկոհոլի և ստերոիդների ապօրինի պահման և օգտագործման մեջ:
Համաձայն գործի նյութերի՝ սերժանտը 2012-ի մարտի 11-ի գիշերը հարձակվել է Աֆղանստանի Քանդահար նահանգում իր զորամասին մոտ գտնվող երկու գյուղերի վրա: Նրա զոհերի մեծ մասը կանայք և երեխաներ էին:
Ներկայում նրա գործը գտնվում է նախնական լսումների փուլում, որն անցկացվում է Վաշինգտոն նահանգի «Լյուիս Մակկորդ» ռազմաբազայում: Ենթադրվում է, որ լսումները կտևեն երկու շաբաթ: Հեռուստակամուրջի միջոցով կլսվեն աֆղան զինվորականների և խաղաղ բնակիչների ցուցմունքները:
Նշենք, որ Բեյլսն ունի մարտական պարգևներ և չորս անգամ գործուղվել է Իրաք և Աֆղանստան:
Ենթադրաբար, հանցագործության դրդապատճառը եղել է վրեժխնդրությունը ռազմաբազայի մոտ տեղի ունեցած պայթյունի համար, որի հետևանքով ամերիկացի զինվոր էր վիրավորվել:








































