Մեկնարկել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի եռօրյա այցը Պարսից Ծոցի երկրներ, որտեղ նա հույս ունի ամրապնդել կապերը պաշտպանության և անվտանգության ոլորտում, բրիտանական «Թայֆուն» կործանիչների վաճառքի բազմամիլիոնանոց պայմանագրեր կնքել: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով բրիտանական ԶԼՄ-ները:
Միացյալ Թագավորության կառավարության ղեկավարը նախատեսում է նաև բանակցություններ անցկացնել Դուբայի մոտ գտնվող օդային բազայում բրիտանական ռազմական կետ ստեղծելու հեռանկարի շուրջ:
Քեմերոնի գրասենյակը հաղորդել է, որ Մեծ Բրիտանիան հույս ունի Սաուդյան Արաբիային և ԱՄԷ-ին վաճառել շուրջ 100 «Թայֆուն» կործանիչներ, ինչը թույլ կտա հազարավոր նոր աշխատատեղեր բացել Մեծ Բրիտանիայում:
Դուբայում Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ արաբական երկրներին զենք մատակարարելն օրինական բիզնես է:
«Մենք, իհարկե, կարծում ենք, որ երկրներն ինքնապաշտպանության իրավունք ունեն: Խոսքը միայն առևտրի և ներդրումների մասին չէ: Մենք նաև համագործակցում ենք տարածաշրջանի հետ անվտանգության և պաշտպանության ոլորտում, մենք նույն հիմքով համագործակցել ենք նաև Լիբիայի և Աֆղանստանի հետ, և այստեղ պատրաստվում ենք քննարկել տեղական ու գլոբալ խնդիրներ»,- նշել է Քեմերոնը:







































