Անկարգությունների դեմ պայքարի հորդանանյան ուժերը չեն մասնակցել Քուվեյթի ցույցերը ցրելուն,- հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Հորդանանի վարչապետ Աբդալլահ Ալ-Նասուրին:
Վերջին օրերի ընթացքում Քուվեյթի սոցիալական կայքերում հայտնվել էր տեղեկատվություն այն մասին, որ Հորդանանը ոստիկաններ է ուղարկել Քուվեյթ ցույցեր ցրելու համար:
«Այս տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Հորդանանի ոչ մի զինվորական կամ հատուկ ծառայությունների ներկայացուցիչ Քուվեյթում չկա»,-հայտարարել է վարչապետը:
Հիշեցնենք, որ կիրակի լույս երկուշաբթի գիշերը անկարգությունների դեմ պայքարի քուվեյթյան ուժերը հերթական անգամ արցունքաբեր գազ են կիրառել ընդդիմության կողմից կազմակերպված խաղաղ ցույցը ցրելու ժամանակ: Ցույցի մասնակիցները բողոքում են ընդդեմ ընտրական համակարգում փոփոխությունների իրականացման, ինչպես նաև՝ Քուվեյթի խորհրդարանում նոր ընտրությունների անցկացման:











































