Անկարգությունների դեմ պայքարի քուվեյթյան ուժերը հերթական անգամ կիրառել են արցունքաբեր գազ ընդդիմության կողմից կազմակերպված խաղաղ ցույցը ցրելու ժամանակ,- հաղորդել է «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությունը:
«Հայրենիքի արժանապատվություն» անունը կրող ակցիային մասնակցել է մի քանի հազար մարդ: Ցույցի մասնակիցները բողոքում են ընդդեմ ընտրական համակարգում փոփոխությունների իրականացման, որոնց մասին ավելի վաղ հայտարարել էր Քուվեյթի էմիր Սաբահ Ալ-Ահմեդ Ալ-Սաբահը, ինչպես նաև՝ Քուվեյթի խորհրդարանում նոր ընտրությունների անցկացման:
Ավելի վաղ ընդդիմադիր կուսակցությունները հայտարարել էին, թե բոյկոտի կենթարկեն դեկտեմբերի 1-ին նշանակված խորհրդարանական ընտրությունները, քանի որ կարծում են, որ իշխանությունները փորձում են ձևավորել կառավարությանը հավատարիմ «գրպանային» խորհրդարան:
Նշենք, որ ընդդիմությունը վերջին մի քանի ամիսների ընթացքում կազմակերպել է բողոքի մի քանի ակցիաներ, որոնց ցրման ժամանակ ոստիկանությունը ուժ է կիրառել: Տասնյակ մարդիկ ձերբակալվել են անկարգությունների կազմակերպման մեղադրանքով:
Հիշեցնենք, որ Քուվեյթի ընդդիմությունը փետրվարին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ ստացել է ձայների մեծամասնությունը:








































