Նոր Զելանդիայում 2 տարի առաջ տեղի ունեցած և 29 մարդու մահվան պատճառ դարձած հանքավայրի պայթյունը հետաքննող թագավորական հանձնաժողովը քննադատության է ենթարկել հանքը ղեկավարող Pike River Coal Company ընկերությանը և Նոր Զելանդիայի կառավարությանը: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Pike River հանքավայրում առաջին պայթյունը տեղի էր ունեցել 2010թ. նոյեմբերի 19-ին: Պայթյունները հանքավայրում շարունակվում էին ևս 9 օր, սակայն թագավորական հանձնաժողովը գտնում է, որ հանքափորները զոհվել են միանգամից:
Հանձնաժողովի հաշվետվությունից պարզ է դառնում, որ ընկերությունն անտեսել է ողբերգությունից 48 ժամ առաջ հանքավայրում մեթանի մակարդակի բարձրացման մասին 21 հաղորդագրություն, և որ դեպքը հնարավոր էր կանխել:
Քննադատության է ենթարկվել նաև Նոր Զելանդիայի կառավարությունն այն բանի համար, որ չի փակել հանքը նախքան դրա ղեկավարության կողմից անվտանգության բոլոր միջոցառումներին հետևելը:
Փաստաթղթի հրապարակումից հետո երկրի աշխատանքի նախարար Քեյթ Ուիլկինսոնը հրաժարական է տվել: Հանքավայրի նախկին գործադիր տնօրենը դատարանի առաջ կկանգնի հաջորդ տարի:







































