Նոյեմբերի 2-ին Ազգային ժողովում լրագրողները անակնկալի եկան, երբ տեսան, որ նոր մասնաշենքից իրար հետևից կողքերն ու ներկաներին թարս-թարս նայելով՝ դուրս եկան խորհրդարանի գեներալները՝ Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանը: Լրագրողներն ու մի շարք պատգամավորներ փորձեցին հասկանալ, թե նրանք ինչո՞ւ են եկել ԱԺ. չէ՞ որ նիստ չկա, հետևաբար` չկա նաև կոճակ սեղմելու անհրաժեշտություն: Իսկ գեներալների առաքելությունը խորհրդարանում միայն այդ նուրբ գործունեությամբ է սահմանափակվում: Սակայն ոչ մեկի համարձակությունը չբավարարեց, որ մոտենային նրանց ու հարցնեին: Նրանք երկուսն էլ հայտնի են իրենց կոպիտ պահվածքով:
Ավելի ուշ տեղեկացանք, որ Ս. Սարոյանն ու Մ. Գրիգորյանը ոչ ավելի, ոչ պակաս՝ Ազգային ժողովի Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի անդամ են: Եվ երեկ այդ խմբի անդամները հանդիպում էին Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Տիկահիտո Հարադայի հետ: Այս դեպքում, բարեբախտաբար, խմբի ղեկավարը Սամվել Ֆարմանյանն է, նրանք միայն անդամ են: Եվ հետաքրքիր կլիներ տեսնել, թե երկու գեներալները` Ս. Ֆարմանյանի բարձր հովանու ներքո, հայ-ճապոնական հարաբերությունների հետ կապված ի՞նչ հարցեր էին քննարկում դեսպանի հետ:
Ավելացնենք նաև, որ երկու գեներալները նիստերի դահլիճում մնում են այնքան ժամանակ, որքան քվեարկություններն են պահանջում: Իսկ այդ գործընթացը սովորաբար 30-40 րոպե է տևում: Ի դեպ, գեներալները նստում են կողք կողքի և վերջին քվեարկությունից անմիջապես հետո դահլիճից արագ դուրս են թռչում:
Նրանք ունեն նաև անձնական սպասարկման օպերատոր՝ «Երկրապահ» թերթի օպերատորը: Վերջինս մտնում է դահլիճ, երբեմն ֆոտո, երբեմն էլ տեսատարբերակով նկարում է հիմնականում այդ զույգին, անմահացնում է նրանց օրենսդրական գործունեության՝ մատների և քվեարկության կոճակների հպման պահերը ու նրանց հետևից դուրս գալիս:








































