Այսօր Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Գրիգորյանի նախագահությամբ շարունակվեց Հակոբ Բունիաթյանի և մյուսների գործի քննությունը:
Ըստ մեղադրանքի՝ 23-ամյա Հակոբ Բունիաթյանը, 23-ամյա Վլադիմիր և 25-ամյա Միքայել Ռաֆայելյանները 2011 թվականի նոյեմբերի լույս 18-ի գիշերը Խաղաղ Դոնի 13/1 հասցեում գտնվող ավտոնորոգման արհեստանոցի հարակից տարածքում վիճելի խնդիրների պարզաբանման ժամանակ ծեծի էին ենթարկել Գալուստ Մելքոնյանին, Բունիաթյանը դանակի 7 հարված էր հասցրել նրան, վնասել ազդրային զարկերակը, և արյան սուր կորստից Մելքոնյանը մահացել էր:
Այսօր հարցաքննվեց ամբաստանյալ Հակոբ Բունիաթյանը: Ինչպես որ պարզաբանման վայրը՝ ավտոնորոգման արհեստանոցը կապ չի ունեցել պարզաբանվող խնդրի հետ, այնպես էլ տուժողի մահվան համար մեղադրվող Հակոբ Բունիաթյանը պարզելու խնդիր չի ունեցել տուժողի հետ: Նրան չի էլ ճանաչել: Պարզաբանմանը Հակոբին ներգրավել էին Ռաֆայելյան եղբայրները՝ գիշերվա կեսին զանգահարելով ու տնից դուրս կանչելով իրենց անչափ հավատարիմ ընկերոջը:
Նման իրավիճակներում շատ երիտասարդներ են հայտնվում, երբ մասնակից են դառնում ընկերոջ հրահրած կռվին, ապա կամ տուժող են դառնում, կամ էլ դատապարտվում են՝ ուրիշի կռվի մեջ դառնալով անիմաստ քավության նոխազ:
Հակոբ Բունիաթյանի հարազատներից այսօր դատարանում ոչ ոք չկար: Նա ոչ ոք չունի, ինչպես գերակտիվ հարևանուհին ներկայացրեց՝ անտեր տղա է: Հայրը ընտանիքից հեռացել էր, երբ Հակոբը երեք տարեկան էր եղել: Մայրը մահացել էր, երբ տղան տասնչորս տարեկան էր եղել: Հակոբը հիմա մենակ էր ապրում, ըստ հարևանուհու՝ մի սարսափելի աղքատիկ բնակարանում:
Դատական նիստին այս հարևանուհին պատահաբար չէր ներկայացել: Նա, Հակոբի շահերի պաշտպանի խոսքերով՝ ստանձնել էր Հակոբի հովանավորությունը: Կազմակերպել էր նրա դատական պաշտպանությունը, ստորագրություններ էր հավաքել բոլոր հարևաններից՝ ի պաշտպանություն Հակոբի, դատից առաջ, դատի ընթացքում և դատի ավարտից հետո էլ ամենաակտիվ եղանակով իր կարծիքն էր հայտնում, թե տեր չունեցող Հակոբը իր խելքից և «ընկեր» կոչվածների պատճառով է կատարել հանցավոր արարքն ու հայտնվել ամբաստանյալի աթոռին:
Քրեական գործի նյութերով պարզվել է, որ Ռաֆայելյան եղբայրները դեպքի նախորդ օրը ,Վալենտին՚ տաքսու ծառայությունից «Լինքոլն» մեքենա էին պատվիրել՝ կահույքի արտադրամասից ապրանք տեղափոխելու համար: Ներկայացել էր վարորդ Գալուստ Մելքոնյանը և, տեսնելով, որ ցանկանում են տեղափոխել քիվեր՝ ՙկառնիզներ՚, հրաժարվել էր իր մեքենայով դրանք տեղափոխել՝ պատճառաբանելով, թե մեքենան կվնասվի:
Նույն օրը Միքայել Ռաֆայելյանը զանգահարել էր տաքսի ծառայություն և կարգավարի հետ խոսելով՝ հայհոյական արտահայտություն էր արել Մելքոնյանի մոր հասցեին: Ավելի ուշ, այդ արտահայտության մասին տեղեկանալով, Գալուստ Մելքոնյանը խիստ զայրացել էր ու Միքայել Ռաֆայելյանին հրավիրել պարզաբանման: Միքայելը խմբել էր եղբորը ու ևս երեք հոգու, այդ թվում՝ Հակոբ Բունիաթյանին, ու նոր միայն ներկայացել պարզաբանման վայր՝ վերը հիշատակված հասցեով: Գալուստն էլ ներկայացել էր եղբոր ու հարևանի հետ:
Վիճաբանել էին, բանը հասել էր հարվածներին: Առաջինը ձեռքով հարվածել էր Միքայելը, ապա կռիվը թեժացել էր, իսկ ինչ-որ մի պահի Հակոբ Բունիաթյանը գործի էր դրել գրպանում պարզաբանման վայր տարած դանակը: Նա յոթ հարված էր հասցրել տուժողին, հիմնականում՝ վնասելով ոտքը, կտրելով ազդրային զարկերակն ու տարբեր անոթներ:
Դատարանում Ռաֆայելյան եղբայրները հրաժարվել են ցուցմունք տալ: Նրանք մեղադրվում են կռվի ու ծեծի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով: Եղբայրները կալանքի տակ էլ չեն, հոդվածն առանձնապես ծանր չէ: Իսկ Հակոբ Բունիաթյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով՝ տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար, ինչի հետևանքով տուժողը մահացել էր:
Անցած դատական նիստին ամբաստանյալ Բունիաթյանը ժամանակ էր խնդրել՝ ցուցմունքներին պատրաստվելու համար: Այսօր նա ընթերցեց գրավոր մի տեքստ, որից պարզ դարձավ, թե որպես պաշտպանական ռազմավարություն՝ որոշել է չհամաձայնել առաջադրված մեղադրանքին և իրեն մեղավոր է ճանաչում անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցումով կատարած հանցագործության համար`քր. օր.-ի 108 հոդվածով:
Նախաքննության ավարտին Բունիաթյանն իրեն լիովին մեղավոր էր ճանաչել առաջադրված մեղադրանքով՝ 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով: Գործի նախաքննության ընթացքում պաշտպանի ներկայությամբ տված ցուցմունքներում փորձել էր ներկայացնել կռվի պահին ծավալված իրադարձությունները՝ իր ընկերախմբից որևէ մեկի գործողությունների վերաբերյալ, բնականաբար, «ոչինչ չհիշելով», այդպիսով՝ կատարվածի ամբողջ պատասխանատվությունն ու ծանրությունը վերցնելով իր վրա:
Այսօր դատարանում Հակոբը ջանում էր ցուցմունքներն այնպես տալ, որ ասածը համապատասխաներ նոր ընտրած տակտիկային՝ անհրաժեշտ պաշտպանության իրավիճակում գտնվելուն: Այս նոր դիրքորոշման պատճառով ամբաստանյալի դատաքննական ու նախաքննական ցուցմունքների միջև առաջանում էին հակասություններ և անհամապատասխանություններ, որոնց վերաբերյալ մեղադրող Արիս Բարսեղյանի հարցերին նա դժվարանում էր տրամաբանական պատասխաններ տալ:
Այնպիսի տպավորություն էր, թե քսաներեքամյա երիտասարդը «ուրիշների խաթրի» զոհն էր անընդհատ. դեպքի օրը նա ենթարկվել էր ընկերների կամքին, հիմա փորձում էր հարմարվել պաշտպանական նոր տակտիկային: Նիհար, երկարահասակ ու դալուկ երիտասարդը տուժողի իրավահաջորդի հարցին՝ ինչու իր թոռնիկին որբ թողեց, պատասխանեց, թե ինքն էլ է որբ մեծացել և չէր ցանկանա որևէ մեկին որբ թողնել: Երբ հարվածներ էր հասցնում, աշխատում էր խփել հակառակորդի ոտքին՝ մտածելով, թե ոտքի վնասվածքներից մարդը չի մահանա: Սակայն հատկապես ազդրի զարկերակի վնասումից ու սուր արյունահոսությունից է արագ մահ վրա հասնում: Մարդը կարող է ողջ մնալ սրտի վնասման դեպքում, իսկ ազդրային զարկերակի արյունահոսությունից կարող է մահանալ մինչև 15 րոպեում:
Հակոբ Բունիաթյանն ի պատասխան նախագահողի հարցին՝ պատասխանեց, թե զղջում է, որ իր հարվածի հետևանքով մարդ է մահացել, ինքը դա չէր ցանկանում: Տղայական փողոցային պարզաբանումները շատ երիտասարդների կյանքն են խաթարում. ոմանք զոհվում են, ոմանք ծանր վնասվածքներ ստանում, ոմանք էլ կյանքի լավագույն տարիներն անց են կացնում կալանավայրում, ինչ է թե՝ անհրաժեշտություն կա ընկերախմբի առաջ հերոսանալ, բուռն ու ինքնամոռաց կռվել, պարզաբանման մեջ վերջին ու պինդ խոսքն ասել:
Այսօր հետազոտվեցին նաև քրեական գործում առկա ապացույցները: Ցավալին դատաբժշկական փորձագետի եզրակացությունն էր: Ազդրային զարկերակի վնասման պատճառով առաջացած արյունահոսության դեպքում, եթե տեղում առաջին օգնություն ցուցաբերվեր տուժողին՝ սեղմող ու ճնշող վիրակապ դրվեր, ապա մի քանի րոպեում նա հասցվեր բուժհիմնարկ, որտեղ կցուցաբերվեր մասնագիտական օգնություն, տուժողի կյանքը հնարավոր կլիներ փրկել: Այսինքն՝ նման իրավիճակում վնասված զարկերակից վերև ամուր կապ, սեղմող վիրակապ դնելու, մինչև 15 րոպեի ընթացքում մարդուն հիվանդանոց հասցնելու դեպքում կարելի է հույս ունենալ, որ նրա կյանքը կփրկվի: Դեպքի վայրը շատ մոտ էր «Էրեբունի» բժշկական կենտրոնին, տուժողի հետ էին եղել նրա հարազատները, նրանք մեքենայով էին, սակայն չէին կողմնորոշվել, հապաղել էին, առաջին օգնություն ցուցաբերելու մասին, երևի, չէին իմացել… Ու Գալուստ Մելքոնյանի կյանքը փրկել չէր հաջողվել:
Հրապարակվեց ու հետազոտվեց նաև դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի՝ Հակոբ Բունիաթյանի մոտ ախտորոշվել էր օրգանական հուզական անկայուն խանգարում, բայց նա ճանաչվել էր մեղսունակ: Մասնագետների կարծիքով՝ Բունիաթյանը պետք է գտնվեր նյարդահոգեբույժի ամբուլատոր հսկողության ներքո:
Հետազոտվեցին հեռախոսազանգերի վերծանումները: Դեպքից առաջ՝ ժամը 22-ից մինչև 1-ի սահմանները, տուժողի ու Ռաֆայելյան եղբայրների միջև 10 հեռախոսազանգ էր արձանագրվել: Ո՞ւր էին շտապում, միմյանց դեմ այդ ի՞նչ անհաղթահարելի թշնամանք էին զգում, որ անհամբեր զանգում էին ու կազմակերպում ողբերգական վերջաբանով այս պարզաբանումը: Պարզաբանում, որը ոչ թե պարզաբանեց, այլ խճճեց ամեն բան ու դժբախտացրեց մի քանի ընտանիք:
Հետազոտվեց նաև Միքայել Ռաֆայելյանի նկատմամբ 2010 թվականի փետրվարի 24-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատավճիռը, համաձայն որի՝ նա գողության համար դատապարտվել էր վերջին հաշվով 2 տարի 5 ամիս 27 օր ազատազրկման, ապա քր. օր.-ի 70 հոդված էր կիրառվել, ու սահմանվել էր 2 տարի փորձաշրջան: Դեպքի պահին՝ 2011 թվականի նոյեմբերի 18-ին, Միքայել Ռաֆայելյանը պատժի չկրած 8 ամիս դեռ ուներ:
Նույն Միքայել Ռաֆայելյանը 2012 թվականի փետրվարին դուստր էր ունեցել: Դատարան էր ներկայացվել երեխայի ծննդյան վկայականը: Գործում կա նաև տուժողի երեխայի ծննդյան վկայականը. նա այս դեպքից պատճառով զրկվել է հորից:
Հաջորդ նիստին դատարանը կունկնդրի կողմերի դատական վիճաբանությունները: Նիստը տեղի կունենա նոյեմբերի 14-ին:









































