Պորտուգալիայի խորհրդարանը առաջին ընթերցմամբ հաստատել է 2013թ. բյուջեն, որում ներառվում են մի շարք միջոցառումներ, մասնավորապես` հարկերի բարձրացում:
Դա ոչ միայն թույլ կտա խուսափել քաղաքական ճգնաժամից, այլև կդառնա ներկայում երկիրը փրկելու միջոց:
Պորտուգալիան 3 տարի է՝ գտնվում է ռեցեսիայի շեմին, և տնտեսագետները զգուշացնում են, որ հարկերի մեծացումը միայն կդժվարացնի երկրում տնտեսական իրավիճակը:
Թեև հարկերի բարձրացումը քննադատության էր ենթարկվել հենց օրենսդիրների կողմից, բյուջեն, որում ներառվում է 4,6 մլրդ եվրոյով (5,6 մլրդ դոլար) հարկերի բարձրացում, ընդունվել է օրենսդիրների մեծամասնության կողմից: Մասնավորապես` ավելանալու են շահութահարկը, կապիտալի, ավտոմեքենայի հարկերը, ինչպես նաև 1 մլրդ եվրոյով կկրճատվեն ծախսերը` գրում է Wall Street Journal-ը;
«Մարտահրավերների պայմաններում, որոնք ծառացած են երկրի առջև, մենք չենք կարող մեզ թույլ տալ նաև քաղաքական ճգնաժամ»,- հայտարարել է երկրի արտգործնախարար Պաուլու Պորտասը:
Ներկայում խորհրդարանը կսկսի բյուջեի մանրամասն քննարկումը, ու դրա արդեն բոլոր կետերը կարող են փոխվել մինչ նոյեմբերի վերջ՝ բյուջեի վերջնական ընդունումը:
2013թ. բյուջեն ընդունելը մեծ դժգոհություն է առաջացրել երկրի բնակչության շրջանում: Ցուցարարները դեռ գիշերվանից դուրս են եկել փողոց ու հավաքվել են խորհրդարանի շենքի մոտ՝ բողոքելով հարկերի բարձրացումից:









































