Apple ընկերությունը գնել է LuxVue սկսնակ ընկերությունը, որը զբաղվում է ցածր էներգասպառմամբ էկրանների արտադրությամբ: Ընկերության կողմից զարգացող micro-LED տեխնոլոգիան կօգնի զգալիորեն երկարացնել iPhone-ի, ինչպես նաև «խելացի» ժամացույցների մարտկոցի աշխատանքը: Այս մասին հայտնում է TechCrunch-ը:
Գործարքի պայմանների մասին ոչինչ չի հաղորդվում: «Apple-ը ժամանակ առ ժամանակ ձեռք է բերում տեխնոլոգիական ընկերություններ, սակայն մենք չենք քննարկում գնումների նպատակներն ու մեր ծրագրերը»,- ասել են կալիֆոռնիական ընկերության մամլո ծառայությունում:
LuxVue-ը հիմնադրվել է 2009 թվականին: Ընկերության կենտրոնակայանը գտնվում է Սանտա Կլարայում (Կալիֆոռնիա):
LuxVue-ի տեխնոլոգիան թույլ է տալիս հասնել էկրանի մեծ պարզության՝ ցածր էներգաօգտագործմամբ: Որոշ տվյալներով՝ Google-ը ցանկացել է micro-LED-ը կիրառել իր հաջորդ սերնդի Google Glass-ում, սակայն մշակումը բաժին հասավ Apple-ին:
Վերջին շրջանում Apple-ն ակտիվորեն ձեռք է բերում սկսնակ ընկերություններ. 18 ամսում այն արդեն գնել է առնվազն 24 ընկերություն:










































