Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ գործադուլի պատճառով ամբողջովին կաթվածահար է եղել Փոթիի նավահանգստի աշխատանքը: Վրացական հեռուստաալիքների հաղորդմամբ՝ գործադուլին մասնակցում են նավահանգստի բոլոր՝ 1200 աշխատակիցները:
Դադարեցվել են նավահանգստի նավամատույցներում բեռների բարձման և դատարկման աշխատանքները: Գործադուլի մասնակիցները նավահանգստի վարչակազմից պահանջում են կատարել իրենց պահանջները, որոնք վերաբերում են աշխատավարձի բարձրացմանն ու աշխատանքային պայմանների բարելավմանը: Նրանք ընդգծել են, որ այդ հարցերի շուրջ վարչակազմի հետ իրենց բանակցությունները տապալվել են, ինչի համար վերստին գործադուլ են հայտարարել:
Հոկտեմբերի 25-ին նախազգուշական գործադուլի էին դուրս եկել Փոթիի նավահանգստի ավելի քան 200 աշխատակիցներ: Դրանից առաջ էլ՝ հոկտեմբերի 10-ին, նավահանգստի մոտ 200 աշխատակիցներ գործադուլ էին հայտարարել:









































