«Սենդի» փոթորկից տուժած Նյու Յորքում այսօր աշխատանքն է վերսկսում ՄԱԿ-ի կենտրոնակայանը: Կազմակերպությունն աշխատանքը դադարեցրել էր դեռևս հոկտեմբերի 26-ին. ՄԱԿ-ը աշխարհի մուսուլմանների հետ նշում էր Զոհաբերության տոնը: Հոկտեմբերի 29-ին կենտրոնակայանը չէր բացվել՝ կապված մոտեցող փոթորկի հետ:
Չնայած նոյեմբեր 1-ին պաշտոնապես հայտարարվել է համաշխարհային կազմակերպության գործունեության վերսկսման մասին, սակայն առաջիկա օրերին կազմակերպությունը կաշխատի թույլ ռեժիմով: Առաջին հերթին դա պայմանավորված է տարերային աղետի հարվածից շենքին հասցված վնասներով: Մասնավորապես հեղեղվել են նկուղները, որտեղ տեղակայված են օդորակման համակարգերի սարքավորումները: Մոտակայքում գտնվող Իսթ-Ռիվեր նավարկելի ջրանցքի ջրերը լցվել են ներքնահարկում տեղակայված Անվտանգության խորհրդի դահլիճ: Վնասվել են համակարգչային սարքավորումները, ինչպես նաև հաստատությունում պահվող որոշ փաստաթղթեր:
Նյու Յորքը վերադառնում է կյանքի բնականոն հուն, թեև մետրոն դեռևս չի գործում: Մանհեթենում արդեն աշխատանքը վերսկսել են թատրոններն ու թանգարանները, վերականգնվում է էլեկտրամատակարարումը, իր լույսերն է վառել Թայմս հրապարակը:









































