1871թ. այս օրը Ուկրաինայի Կախովկա քաղաքում ծնվեց կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1926) Ալեքսանդր Սպենդիարյանը:
Նրա անունով է կոչվում Երևանի օպերայի և բալետի ազգային-ակադեմիական թատրոնը: Եղել է ռուս մեծ երաժիշտ Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի աշակերտը, որը մեծապես արժևորում էր նրա երաժշտությունը և խրախուսում էր ավելի խորանալ հայկական ժողովրդական երաժշտության ուսումնասիրության մեջ։
1922թ. Սպենդիարյանը Հայաստանի կառավարության կողմից հրավիրվում է Երևան, որտեղ ստեղծագործում է մինչև կյանքի վերջը։ Հայաստանում անցկացրած տարիները նրա կյանքի ամենաբեղմնավոր տարիներն են եղել։ Այստեղ նա հիմնադրեց Հայաստանի ազգային սիմֆոնիկ երաժշտությունը։ Սպենդիարյանի հայտնի ստեղծագործություններից են «Ալմաստ» օպերան և Երևանյան էտյուդները։
«Ալմաստ»-ն Ալեքսանդր Սպենդիարյանի թողած երաժշտական ժառանգության և անցած ստեղծագործական ուղու զարգացման գագաթնակետն է։ Հայկական ազգային ինքնուրույն օպերային արվեստի զարգացման գործում «Ալմաստը» հիմնական ու կարևոր փուլերից մեկն է։ Իր պրոֆեսիոնալ կատարելությամբ, երաժշտական-դրամատուրգիական հագեցվածությամբ, ձևի թեմատիկայի և երաժշտական արտահայտչական միջոցների վարպետությամբ, այս մոնումենտալ ստեղծագործությունը հասնում է դասական կատարելության, համաշխարհային օպերային արվեստի լավագույն նմուշներին։
Մահացել է 1928թ. մայիսի 7-ին Երևանում։ Թաղված է օպերային թատրոնի մերձակա պուրակում:










































