Դեմոկրատ նախագահ Բարաք Օբաման և նրա հակառակորդ հանրապետական Միթ Ռոմնին վերսկսում են «Սենդի» փոթորկի պատճառով դադարեցված նախընտրական քարոզարշավը: Օբամայի շտաբի հայտարարության համաձայն՝ նա հինգշաբթի օրը կայցելի Վիսկոնսին, Նևադա և Կոլորադո նահանգներ: Իսկ այսօր գործող նախագահը Նյու Ջերսի նահանգում դեռ զբաղված է բնական աղետի հետևանքների վերացման աշխատանքներին հետևելով։
Ռոմնին այսօր անցկացրել է Ֆլորիդայում: Այս նահանգով փոթորիկը չի անցել, և թեկնածուի նախընտրական շտաբը գտնում է, որ նա կարող է այդտեղ քարոզարշավ անցկացնել՝ չվախենալով տուժածների նկատմամբ անտարբերության մեջ մեղադրվելուց:
Այնուհետև Ռոմնին իր ուշադրությունը կսևեռի 11 կարևոր նահանգների վրա. Կոլորադո, Օհայո, Ֆլորիդա, Այովա, Միչիգան, Հյուսիսային Կարոլինա, Նևադա, Փենսիլվանիա, Նյու-Հեմփշիր, Վիրջինիա և Վիսկոնսին:
Այս նահանգներից մի քանիսը, ներառյալ՝ Փենսիլվանիան, մինչև վերջին ժամանակներս համարվում էին դեմոկրատական, և դրանցում հանրապետականների պայքարը վկայում է նրանց աճող քաղաքական «ախորժակի» մասին:
Ընտրողների շրջանում անցկացված հարցումների համաձայն՝ ընտրությունների վերջին փուլում հավասար պայքար է ընթանում, սակայն համազգային ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Ռոմնին մեկ տոկոսով առաջ է անցել Օբամայից:
Մասնագետները պնդում են, որ բոլոր հարցումները ճիշտ չեն կարող լինել: Իրականությունից ավելի հեռու են էքսպրես-հարցումները, որոնք կատարվում են անմիջապես որևէ դեպքից հետո, սակայն դրանք ևս որոշ չափով արտահայտում են, ինչպես նաև ձևավորում են հասարակական կարծիքը: Այսպես, CNN հեռուստաընկերությունը համացանցի միջոցով փորձել է որոշել, թե ինչպես է ազդել «Սենդի»–ն ընտրողների կարծիքների վրա:
Հարցվածների մոտ 44 %-ն այս հարցին պատասխանել է, որ արդեն արել է իր ընտրությունը և այն փոխել չեն ցանկանում: 49 %-ի վրա լավ տպավորություն է թողել Օբամայի՝ առաջնորդի հատկանիշները, իսկ 8 %-ին ուրախացրել է Ռոմնիի՝ ուրիշի դժբախտության նկատմամբ անտարբեր չլինելու հատկանիշը: Այսպիսի թվաբանությունն ավելի շատ ձեռնտու է Սպիտակ տան ներկայիս ղեկավարներին:
Օբամայի նախընտրական շտաբն արդեն հայտարարել է, որ նոյեմբերի վեցին նախագահը պատրաստվում է «հաղթանակը նշել» ընտանիքի և մերձավորների շրջապատում՝ Չիկագոյի «Լեյքսայթ-սենթր» համալիրում:









































