Կառավարությունը վաղը կանդրադառնա հղիության արհեստական ընդհատման տարատեսակներին և դրանց իրականացման ընթացակարգերին ու կփորձի հստակեցնել դրանք. «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ ինչպես նաև միջազգային ժամանակակից չափանիշներին ազգային գործելակարգերը համապատասխանեցնելու նպատակով գործադիրը գտնում է, որ անհրաժեշտություն է առաջացել կատարել փոփոխություններ և լրացում իր որոշման մեջ:
Ներկայացված նախագծով հղիության արհեստական ընդհատումը սահմանվում է որպես բժշկական միջամտություն, և ամրագրվում են դրա տարատեսակները` վիրաբուժական և դեղորայքային` «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի պահանջներին համապատասխան։ Միաժամանակ հստակեցվում են հղիության արհեստական ընդհատումների Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից առաջարկվող չափանիշներին համահունչ բժշկական գործելակարգերը:
Ըստ այդմ՝ մինչև 9 շաբաթական հղիության ընդհատումը կիրականացվի վիրահատական կամ դեղորայքային ճանապարհով, իսկ 9-12 շաբաթական հղիության դեպքում՝ միայն վիրահատական ճանապարհով: Մինչև 22 շաբաթական ժամկետը բժշկական և սոցիալական ցուցումներով հղիության արհեստական ընդհատումն իրականացվում է բժշկական հաստատությունում մշտապես գործող մասնագիտական հանձնաժողովի որոշման հիման վրա` կնոջ համաձայնությամբ:









































