Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կողմ է արտահայտվել Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներին, որոնք Ուկրաինայում տիրող իրավիճակի կապակցությամբ սահմանել են ԵՄ-ն և ԱՄՆ-ը, հայտնում է Deutsche Welle-ը:
Մերկելը հայտարարել է, որ Ռուսաստանը ոչ մի իրավունք չունի միջամտելու Ուկրաինայում որոշումների ընդունման գործընթացին: «Ուկրաինան ազատ երկիր է»,- ասել է նա: Երկրի բնակիչները պետք է հնարավորություն ունենան ինքնուրույն որոշելու՝ ինչպես ապրեն:
Մերկելի կարծիքով՝ «համաշխարհային հանրությունը պետք է պատասխանի պատժամիջոցներ սահմանելով», եթե Մոսկվան իր գործողություններում չի հետևում միջազգային նորմերին:
ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակներում Մերկելը մտադիր է նաև Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների հարցը քննարկել նախագահ Բարաք Օբամայի հետ: Նախօրեին ԵՄ-ն հրապարակեց պատժամիջոցների նոր ցանկը, որում ընդգրկվել է 15 մարդ:
Ապրիլի 28-ին 7 ռուսների և 17 ռուսական ընկերությունների նկատմամբ պատժամիջոցների մասին հայտարարեց ԱՄՆ ֆինանսների նախարարությունը:









































