Այսօր Մոսկվայի քաղաքային դատարանը 8-19 տարվա ազատազրկման է դատապարտել 6 սքինհեդների՝ ազգային ատելության հողի վրա կատարած հարձակումների և սպանության համար: 7-րդ ամբաստանյալն արդարացվել է, քանի որ նրա մեղքն ապացուցված չէ:
Դատախազությունը նրանց համար խնդրել էր 7-18 տարվա ազատազրկում: Ամենամեղմ պատիժը խնդրել էին Ալեքսեյ Կիսելևի համար, որը հանցագործության պահին անչափահաս է եղել: Ամենախիստ պատիժը՝ խստացված ռեժիմով գաղութում 18 տարվա ազատազրկում է պահանջվել Եմելիան Նիկոլաևի համար, որը նախկինում դատապարտված է եղել սպանության համար: Որոշ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նա դերասան Արթուր Սմոլյանինովի եղբայրն է:
Մեղադրյալներից 4-ը՝ Ալեքսանդր Կիչուտկինը, Վլադիմիր Բելյակովը, Ալեքսեյ Կիսելևը և Վլադիմիր Ստեպանովը հանցանքի պահին անչափահաս են եղել, այդ իսկ պատճառով դատարանը չի կարող ազատազրկման համար 10 տարին գերազանցող պատժաչափ կիրառել:
Կիչուտկինն ու Նիկոլաևը նախկինում ՌԴ Քր.օր.-ի 105-րդ հոդվածով (սպանություն) արդեն դատապարտված են եղել: Նոր քրեական գործով նրանք մեղադրվում են ՌԴ Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով՝ սպանություն, սպանության փորձ, խուլիգանություն, կողոպուտ: Այս մասին գրում է РИА Новости-ն:
Մեղադրական վարկածի համաձայն՝ ամբաստանյալները նախապես հանդիպել են մետրոկայարանի կամ էլկտրագնացքի կայարանի մոտ, որից հետո հարձակման օբյեկտ ընտրել:
Քննության նյութերով՝ առաջին սպանությունը ամբաստանյալներն իրականացրել են 2009-ի հոկտեմբերին ՝ «Բելյաևո» մետրոկայարանի մոտ հարձակում իրականացնելով Հայաստանի քաղաքացի Սամվել Գրիգորյանի վրա (տարիքը չի հաղորդվում): Նրան ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել, այնուհետև ենթարկել դանակի առնվազն 11 հարվածի: Արյունահոսության պատճառով տուժածը մահացել է: Նրանից գողացել էին մարզապայուսակն ու 4000 ռուբլի:
Սա թերևս միակ օրինակը չէ: Նրանք նմանօրինակ սցենարով հարձակումներ են իրականացրել մի քանի ասիացիների և արաբների վրա:







































