2011-ի օգոստոսին բրիտանական Ջերսի կղզում վեց մարդու սպանած Լեհաստանի քաղաքացին դատապարտվել է 30 տարվա ազատազրկման: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
31-ամյա Դամիան Ռժեշովսկին ամբողջությամբ ընդունել է իր մեղքը, սակայն ընդգծել է, որ տառապել է դեպրեսիայով, իսկ իր կարծիքով` դա նվազեցնում է իր պատասխանատվությունը կատարվածի համար: Նրա խոսքով` այն օրը, երբ ինքը սպանություն է գործել, ամբողջությամբ չի գիտակցել կատարվածը:
2011-ի օգոստոսի 14-ին Լեհաստանից ներգաղթյալ Դամիան Ռժեշովսկին սպանդ է կազմակերպել Սենթ Հելիերի քաղաքի իր բնակարանում` դանակով սպանելով վեց մարդու: Սպանվածների թվում էին նրա կինը` Իզաբելան, երկու երեխաները և աները, ինչպես նաև կնոջ ընկերուհին և նրա հնգամյա աղջիկը: Սպանվածները բոլորը լեհ էին: Նրա հինգ զոհերը մահացել են տեղում, իսկ կինը` հիվանդանոցում: Հարձակումից հետո ոճրագործը ինքնասպանության փորձ է արել, սակայն ողջ է մնացել:
Որոշ տվյալների համաձայն` սպանության պատճառ է հանդիսացել այն հանգամանքը, որ Լեհաստանից երեխաների հետ նոր վերադարձած կինը հայտարարել է, որ իրենց համատեղ կյանքը ավարտված է: Ռժեովսկու ընկերների հաղորդմամբ` 2011թ-ի հուլիսին նա ինքնասպանության փորձ է գործել հանգստացնող հաբերի մեծ չափաբաժին ընդունելով, ինչը ևս պատճառ է հանդիսացել կնոջ հետ հարաբերույթյունների լարման համար:









































