Բարսելոնում ջազի միջազգային փառատոնն է` Festival Internacional de Jazz de Barcelona, որը կատալոնական մայրաքաղաքի ամենահայտնի երաժշտական իրադարձությունն է: Այն ամեն տարի տեղի է ունենում հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին, քանի որ կազմակերպիչները կարծում են, որ աշունը նման միջոցառման լավագույն ժամանակն է, քանի որ թուլանում է ամռան տապը, և քաղաքում նվազում է զբոսաշրջիկների քանակը:
Աշնանը առհասարակ ամբողջ Եվրոպայում ջազի փառատոներ են տեղի ունենում, սակայն մեծ ուշադրության է արժանի հենց բարսելոնյանը` իր ընդգրկման և տևականության շնորհիվ: Համերգներն ընթանում են ամեն օր, մեկ ամիս շարունակ:
Այս փառատոնը Իսպանիայում առաջին նմանատիպ միջոցառումն է և սկիզբ է առնում 1966-ից: Ժամանակի ընթացքում փառատոնը կարևոր իրադարձություն է դարձել ջազային երաժշտության բնագավառում, որին ամեն տարի այցելում է ավելի քան 50 հզ. մարդ:
Փառատոնի մասնակիցները համաշխարհային անուն ունեցող ջազային երաժիշտներ են տարբեր երկրներից: Անցած տարիների մասնակիցների թվում են Jamie Cullum-ը, Omar Sosa-ն, Jaques Morelenbaum-ը, Concha Buika-ն, Richard Galliano-ն, Paolo Angeli-ն, Lee Konitz-Dan Tepfer Duo-ն և շատ ուրիշներ:









































