Դամասկոսի մոտակայքում գտնվող հայաշատ Ջարամանայում հոկտեմբերի 29-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է հայազգի Մայք Քալայջյանի կինը` Ռանա Սալհաբը, ով քրիստոնյա արաբ էր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են Դամասկոսի մեր հայրենակիցները:
Տեղեկությունների համաձայն` պայթյունի հետևանքով Ռանիա անունով ևս մեկ կին է զոհվել: Վերջինս նույնպես քրիստոնյա արաբ էր, ամուսնացած էր հայ տղամարդու հետ և աշխատում էր Սուրբ Թարգմանչաց հայկական դպրոցում:
Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ պայթյունից վիրավորված Անուշ Աբովյանն անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց և, բարեբախտաբար, լուրջ վնասվածքներ չունենալով, արդեն իսկ դուրս է գրվել հիվանդանոցից:
Սիրիական ՍԱՆԱ գործակալութունը տեղեկացրել է, որ զինված խմբավորումները շարունակում են խախտել Այդ ալ Ադհա տոնի կապակցությամբ հայտարարված զինադադարի պայմանավորվածությունը: Ջարամանայի Ռաուդա թաղամասում ականապատ մեքենայի պայթյունի հետևանքով, նախնական տեղեկություններով, զոհվել է 6, վիրավորվել` ավելի քան 50 մարդ: Վնասվել են ավելի քան 20 մեքենաներ և 15-ից ավելի առևտրային կենտրոններ:
Արդեն հայտնի է, որ տուժածների մեծամասնությունը արաբ քրիստոնյաներ և հայեր են:
Ջարամանայի բնակչության մեծամասնությունը քրիստոնյաներ, այդ թվում նաև հայեր են` ավելի քան 400 հայ ընտանիք:









































