ԱՄՆ-ը կքննարկի Պաղեստինին տնտեսական օգնությունը դադարեցնելու մասին հարցը, եթե դրա ազգային միասնության կառավարությունը, որի ձևավորման մասին պայմանավորվել էին ՖԱԹՀ և ՀԱՄԱՍ շարժումները, չճանաչի Իսրայելի գոյության իրավունքն ու չդատապարտի ահաբեկչությունը: Այս մասին հայտնել է ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի օգնականի տեղակալ Էնթոնի Բլինկենը՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Մեկնաբանելով ապրիլի 23-ին Գազայում ստորագրված համաձայնագիրը՝ նա հիշեցրել է, որ միջպաղեստինյան պառակտումը հաղթահարելու փորձեր ձեռնարկվել են նաև նախկինում: «Մենք դա արդեն նախկինում լսել ենք: Տեսնենք, թե ինչ կլինի: Տեսնենք՝ կպահե՞ն նրանք խոստումը: Նախկինում դա նրանց չի հաջողվել»,- ասել է Սպիտակ տան աշխատակիցը:
Նրա կարծիքով՝ փաստացի կրկին փակուղի մտած պաղեստինա-իսրայելական բանակցությունների հիմնական խնդիրն այն է, որ կողմերը պետք է չափազանց բարդ որոշումներ կայացնեն: Սակայն նրանցից ոչ մեկը պատրաստ չէ դրան՝ նշել է ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչը:









































