Սիրիայում հոկտեմբերի 29-ին՝ իշխանությունների և ապստամբների միջև հայտարարված զինադադարի երրորդ օրը, սպանվել է առնվազն 99 մարդ: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով Syrian Observatory for Human Rights իրավապաշտպան կազմակերպության տվյալներին:
Իրավապաշտպանների տեղեկություններով՝ զոհերից 35-ը եղել են կառավարական բանակի զինվորներ, 34-ը՝ ապստամբներ, ևս 30-ը՝ խաղաղ բնակիչներ: Խաղաղ բնակիչների մեծ մասը զոհվել է հյուսիսարևմտյան Իդլիբ նահանգի բնակավայրերից մեկի վրա ավիահարձակման հետևանքով:
Նոր զոհերի մասին տվյալներ են ստացվում ամեն օր՝ չնայած այն բանին, որ հակամարտող կողմերը պայմանավորվել են հոկտեմբերի 26-29-ը մուսուլմանական Քուրբան բայրամ տոնի ընթացքում ժամանակավոր զինադադարի մասին: Կողմերի միջև համաձայնությունը ձեռք էր բերվել Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Լախդար Բրահիմիի միջնորդությամբ: Սակայն զինադադարի առաջին իսկ ժամերից երկու կողմն էլ սկսել է զենքի չկիրառման ռեժիմի խախտումը: Նոր ընդհարումների հետևանքով ուրբաթ և շաբաթ օրերին սպանվել է առնվազն 175 մարդ:









































