Չնայած մահմեդական տոնի ժամանակ հրադադարի կնքմանը` Սիրիայում շարունակվում են մարտերը: Երկու օրվա ընթացքում զոհվել է ավելի քան 200 մարդ: Կիրակի օրը ապստամբները Հալեպը գրոհելու փորձ են ձեռնարկել:
Հալեպը պատմական քաղաք է: Հին քաղաքի կենտրոնում է գտնվում գլխավոր սրբատեղին `օմեյադների մզկիթը, որը կառուցվել է դեռևս 8-րդ դարում: Անգամ հիմա՝ պաշտոնական հրադադարի ժամանակ դժվար է հասնել այնտեղ: Նեղ փողոցներով կարելի է գնալ միայն պատերին հենված: Խաչմերուկներում դիպուկահարները կրակում են:
Գրոհայինները մասնակիորեն ավերել են հին կառույցի պատերը, այրել են մուտքը, թալանել են Զաքարեի` Հովհաննես Մկրտչի հոր գերեզմանը և այնտեղից դուրս են բերել ամենաթանկը` Մուհամմեդ մարգարեի հագուստն ու մազը:
«Փոքր ջոկատով մենք պաշտպանում էինք դարպասները: Նրանք թիկունքից մտան, կրակեցին, քանդեցին պատերը: Փողոցի մյուս կողմից կրակում էին դիպուկահարները: Իսկ դուք ասում եք՝ հրադադար: Գրոհայինները չեն էլ մտածում դադարեցնել կրակոցները: Մեր տղաները մինչև վերջ կռվեցին, զոհվածներից 4-ը, որոնք պաշտպանում էին մզկիթը, քրիստոնեական ընտանիքից են»,- պատմում է սիրիացի զինվորը:
Ականատեսները նշում են, որ որպես մահմեդական ավանդույթները հարգելու նշան՝ քրիստոնյաները մզկիթի ներսում ոտաբոբիկ էին կռվում` չնայած ապակիներին:
Հալեպի բնակիչները վստահեցնում են, որ Սիրիայում երբեք ոչ ոք մարդկանց ըստ կրոնական պատկանելության չի բաժանել: Այդ իսկ պատճառով միասին պատերազմել են իրենց հայրենիքի համար:








































