Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին եվրոպացի առաջնորդներին մեղադրել է իր դեմ «դավադրություն» կազմակերպելու մեջ: Այս մասին կառավարության նախկին ղեկավարը, ում նախօրեին դատարանը դատապարտել է չորս տարվա ազատազրկման, հայտարարել է այսօր արտահերթ հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ:
«Անգելա Մերկելը և Նիկոլա Սարկոզին, ժպիտը դեմքներին, փորձում էին վարկաբեկել իմ քաղաքական իմիջը համաշխարհային ասպարեզում»,-հայտարարել է Բեռլուսկոնին` հավելելով, որ պաշտոնից հեռացել է բացառապես հանուն երկրի շահերի:
76-ամյա նախկին վարչապետն առաջին անգամ մանրամասնորեն խոսել է Իտալիայի տնտեսական վիճակի, ճգնաժամի և դրա դեմ պայքարելու իր կառավարության կողմից ընդունված միջոցառումների մասին: Մասնավորապես, նրա խոսքերով` նա երբեք ճիշտ չի համարել եվրագոտում ճգնաժամի դեմ պայքարելու Գերմանիայի ընտրած ուղին:
Հիշեցնենք, որ ուրբաթ օրը Միլանի դատարանը Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին դատապարտել է չորս տարվա ազատազրկման ֆինանսական խարդախությունների մեղադրանքով:









































