Երևանում այսօր ողբերգական փլուզում է տեղի ունեցել Խանջյան փողոցի նոր կառուցվող «օբյեկտներից» մեկում: Ինչպես հայտնի է՝ 9 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Նրանք բանվորներն են, որ աշխատում էին կառույցի վրա։ Նրանցից մի քանիսի վիճակը ծանր է: Հայաստանում սա հերթական փլուզումն է, քանի որ ամիսներ առաջ եղան համանման դեպքեր, երբ եղան նաև զոհեր:
Հուսանք, որ այս դեպքում զոհեր չեն լինի, և նրանք, ում վիճակը ծանր է, կապաքինվեն: Սակայն քանի դեռ չի ապաքինվել Հայաստանը՝ որպես պետություն, դժբախտաբար, նման դեպքերը կարող են կրկնվել նաև ապագայում: Բանն այն է, որ տեղի ունեցածն ուղղակի կապ ունի պետության որակի, պետական կառավարման մակարդակի հետ: Եվ ոչ միայն այն պատճառով, որ ողբերգական փլուզումը տեղի է ունեցել քաղաքաշինական նորմերին և ճաշակի հնարավոր կանոններին հակասող հերթական կառուցապատման ընթացքում: Խնդիրը միայն սա չէ, խնդիրը շատ ավելի լայն է:
Հայաստանում բացարձակ վերահսկողություն չկա շինարարական նորմերի հանդեպ, որևէ շինարարություն չի վերահսկվում քաղաքաշինության նախարարության կամ Երևանի քաղաքապետարանի համապատասխան կառույցերի կողմից: Երևանում միայն միլիոններ են ծախսում քաղաքի հաճախ անիմաստ պճնանքի վրա, իսկ անվտանգության կանոնների վերահսկողության հարցում որևէ քայլ չի կատարվում, որևէ ներդրում չկա այդ ոլորտում իրավիճակը էապես փոխելու ուղղությամբ:
Քաղաքաշինության ոլորտում որևէ բան բացահայտվում կամ ստուգվում է միմիայն քաղաքական կոնյունկտուրայից ելնելով: Սա ուղղակի հանցավոր իրավիճակ է, որն էլ բերում է նման ողբերգությունների և վտանգում թե՛ բանվորների, թե՛ նաև անցորդների կյանքը:
Մեկ այլ խնդիր է բանվորների հարցը, որոնք աշխատում են առանց համապատասխան որակավորման, առանց համապատասխան փորձի, առանց շինարարության կանոններին լիարժեք տիրապետելու, պարզապես սիրողական մակարդակով՝ հաճախ իրենք էլ գիտակցելով, որ կարող են թույլ տալ կյանքի համար վտանգավոր սխալներ: Սակայն նրանք գնում են դրան, որովհետև պետք է լուծեն իրենց և իրենց զավակների օրվա հացի խնդիրը, նրանք չունեն աշխատանք և ստիպված են հանձն առնել կատարել ցանկացած բան՝ անգամ լիարժեք չտիրապետելով գործին, քանի որ գոյության խնդիր պետք է լուծեն:
Այս պարագայում փոքր ողբերգությունները ընդհանուր, երկրի մասշտաբով մեծագույն ողբերգական վիճակի, բարձիթողության, մարդու կյանքի արժեքի աղետալի ցածր լինելու, անիրավության, համատարած կոռուպցիայի հետևանք են:
Նման իրավիճակներից հետո է, որ պետք է անմիջապես թռչեն մի քանի խոշոր գլուխներ, որոնք, սակայն, շարունակում են մնալ իրենց տեղերում: Եվ դրա համար էլ այդ գլուխների քանդած երկիրը փլվում է հասարակ ժողովրդի, իր օրվա հացը մեծ դժվարությամբ վաստակել փորձող շարքային քաղաքացու գլխին:









































