Գեղարքունիքի մարզի Մարտունու ինֆեկցիոն հիվանդանոցում սիբիրյան խոց ախտորոշմամբ հոսպիտալացված 15 հիվանդներից 8-ը դուրս են գրվել:
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց, որ բոլոր հիվանդները բուժում են ստանում մարզում, Երևանի բուժհիմնարկներում մարզից այժմ սիբիրյան խոցով հիվանդներ չկան: Նրա խոսքով՝ հիվանդության նոր օջախներ մարզում չեն բացահայտվել:
«Վաղվանից ես ավելի եմ ուժեղացնելու հսկողությունը, որպեսզի հիվանդությունը չտարածվի, մի համայնքից մյուս համայնք չներթափանցի»,- ասաց մարզպետը:
Ռաֆիկ Գրիգորյանի տեղեկացմամբ` մասնագետները մարզում հիվանդ կենդանիներ չեն հայտնաբերել, միայն սիբիրյան խոց հիվանդությամբ վարակված կովի միս են հայտնաբերել: Պարզվել է, որ բոլոր հիվանդներն առնչվել են այդ մսի հետ:
Նշենք, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում արձանագրված սիբիրյան խոցի դեպքերի առնչությամբ առողջապահության նախարարության կողմից շարունակվում են իրականացվել բակային ստուգայցերը, լաբորատոր հետազոտությունները և կանխարգելիչ համաճարակային միջոցառումները:









































