ԱՄՆ նախագահներ Ջոն Քենեդու և Լինդոն Ջոնսոնի վարչակազմերում պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Մակնամարայի անձնական արխիվը նյույորքյան աճուրդում վաճառվել է 1 մլն դոլարով:
Sotheby’s աճուրդի տան ներկայացուցիչների խոսքերով՝ այդ գումարը զգալիորեն գերազանցել է ակնկալիքները: Նամակներ, փաստաթղթեր, լուսանկարներ և Մակնամարայի անձնական իրեր պարունակող հավաքածուի վաճառքը նվիրված էր աշխարհը միջուկային պատերազմի շեմին կանգնեցրած Կարիբյան ճգնաժամի 50-ամյակին:
Մակնամարան գլխավորել է ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունը 1961-1968 թթ. և անմիջական մասնակցութուն ունեցել Կուբայի Խոզերի ծովածոցում իրականացված ռազմական օպերացիային և Կարիբյան ճգնաժամի լուծմանը:
Նա քիչ ջանք չի թափել, որպեսզի ԱՄՆ-ն ներգրավվի Վիետնամական պատերազմում, որը նա անձամբ է այնուհետև անվանել «հիմար և թանկարժեք սխալ»:
Գլխավոր լոտը դարձել են կաբինետի երկու աթոռները, որոնք «մասնակից» են եղել Քենեդու խորհրդականների հանդիպմանը: Դրանք նամակի հետ միասին, որի վրա ստորագրել է այդ ժամանակվա առաջին տիկին Ժակլին Քենեդին, վաճառվել են 146,5 հազար դոլարով:
Արծաթե պրես-պապյեն, որի վրա փորագրված են Կարիբյան ճգնաժամի ամսաթվերը, և որը Մակնամարին նվիրել էր նախագահ Քենեդին, վաճառվել է 95,5 հազար դոլարով՝ եռակի գերազանցելով մեկնարկային գինը:
Կոլեկցիոներների ուշադրությունն է գրավել նաև Ազատության նախագահական մեդալը՝ ԱՄՆ-ի երկու գերագույն քաղաքացիական պարգևներից մեկը, որով Մակնամարան պարգևատրվել էր 1968 թվականին՝ պաշտոնաթող լինելուց հետո: Դրանից հետո նա ղեկավարել է Համաշխարհային բանկը: Մեդալը վաճառվել է 34 հազար դոլարով:
Մակնամարային պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակելու հրամանագիրը, որը ստորագրել են Քենեդին և պետքարտուղար Դին Ռասկը, վաճառվել է 20 հազար դոլարով՝ կրկնակի գերազնացելով մեկնարկային գինը: Մակնամարայի արխիվի արժեքը, ըստ աճուրդի տան ներկայացուցիչների, պայմանավորված է նրանով, որ այն ներկայացնում էր վիզուալ արտացոլումը 1960-ականների իրադարձությունների, որոնք հանդիսանում են ԱՄՆ-ի ողջ պատմության մեջ ամենասադրիչն ու ամենաանմիանշանակը:









































