ԱՄՆ նախագահական ընտրություններից երկու շաբաթ առաջ Օբաման և Ռոմնին մեկնել են նախընտրական քարոզարշավների:
Օբաման քարոզարշավ կծավալի Ֆլորիդայում և Օհայոյում, Ռոմնին` Նևադայում և Կոլորադոյում:
Օբամայի նախընտրական շտաբը 3,5 մլն օրինակ «Ամերիկայի ապագայի մանրամասն ծրագիր» կոչվող 20 էջանոց բուկլետ է թողարկել:
Դրանում մանրամասն ներկայացված է, թե Օբաման ինչով, երբ և ինչու է պատրաստվում զբաղվել վերընտրվելու դեպքում:
Ներկայումս շրջանառվում է հեռուստատեսային 60-վայրկյանանոց գովազդային հոլովակ, որում Օբաման պատմում է երկրի ապագայի վերաբերյալ սեփական պատկերացումների մասին:
Տեսանյութը կցուցադրվի Նյու Հեմփշիր, Վիրջինիա, Հյուսիսային Կարոլինա, Ֆլորիդա, Օհայո, Վիսկոնսին, Այովա, Նևադա և Կոլորադո. այսպես կոչված` «չկողմնորոշված» նահանգներում:
Ըստ հարցման արդյունքների` թեկնածուներին աջակցում են գրեթե հավասար թվով ամերիկացիներ:
Ռոմնիի շտաբը հեռուստատեսային գովազդ է թողարկել, որի հիմքում վերջին բանավեճից հատվածներ են եղել:
Հանրապետականներն Օբամային մեղադրում են, որ նա ոչ մի անգամ Իսրայել չի այցելել:
Օբաման պատրաստվում է հինգշաբթի օրը մեկնել հարազատ Չիկագո, որպեսզի արտահերթ քվեարկի իր օգտին:
CBS-ի հարցման արդյունքներով` բանվեճի վերջին փուլում Օբամային հաղթող է ճանաչել հեռուստադիտողների 53%-ը, Ռոմնիին` 23%:
CNN-ի տվյալներով` Օբաման ստացել է 48% աջակցություն, Ռոմնին` 40%:









































