Կատարի էմիր Համադ բեն Խալիֆա Ալ-Թանին հոկտեմբերի 23-ին դարձել է պետության առաջին ղեկավարը, ով պաշտոնական այցով մեկնել է Գազա, հաղորդում է Al-Arabiyan-ը:
Միապետին ուղեկցել է բազմամարդ պատվիրակություն, որի կազմի մեջ մտել են նրա խորհրդականները, կատարցի նախարարներ և գործարարներ: Ակնկալվում է, որ այցի ընթացքում էմիրը կխոստանա քառորդ միլիարդ դոլար ներդնել Գազայի ենթակառուցվածքների նախագծում:
Գազայի հատվածի իշխանությունները միապետի համար հիանալի ընդունելություն են կազմակերպել. Գազա քաղաքը զարդարել են Կատարի և Պաղեստինի ինքնավարության դրոշներով, իսկ նրան դիմավորել են կարմիր գորգի վրա: Եգիպտոսից անցնելիս էմիրին դիմավորել է անձամբ Գազայի ղեկավար Իսմայիլ Հաննիան:
Կատարն արդեն մի քանի անգամ փորձել է Գազայում ղեկավարող ՀԱՄԱՍ շարժումը դուրս բերել Սիրիայի և Իրանի ազդեցությունից, որոնց հետ էմիրության հարաբերություններն այնքան էլ հարթ չեն: Մասնավորապես, վերջերս շարժման գրասենյակը Դամասկոսից տեղափոխվեց Դոհա:
Փորձագետների կարծիքով` էմիրի այցը Գազա կարող է խիստ նյարդայնացնել ոչ միայն Դամասկոսին ու Թեհրանին, այլև Թել Ավիվին: Իսրայելը ՀԱՄԱՍ-ը համարում է ահաբեկչական կազմակերպություն և դեմ է նրա ցանկացած լեգիտիմացման:
Էմիրի այցի նկատմամբ դժգոհություն են հայտնել նաև Պաղեստինի պաշտոնական իշխանությունները Հորդանան գետի Արևմտյան ափին:
Վերջին տարիներին Կատարը զգալիորեն ակտիվացել է Մերձավոր Արևելքում: Այդ երկիրը մասնավորապես նպաստեց Լիբիայում Մուամար Քադաֆիի վարչակարգի տապալմանը, իսկ այժմ աջակցություն է ցուցաբերում Սիրիայի ապստամբներին:









































