ԱԺ այսօրվա նիստում Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր ԱԺ հաստատմանը ներկայացրեց «Պետական տուրքի» մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը: Ըստ այդմ՝ առաջարկվում է պետական տուրքից, տույժերից ու տուգանքներից ազատել Հայաստան եկած այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնց կյանքին ու առողջության վտանգ է սպառնում իրենց երկրում:
Հրանուշ Հակոբյանը տեղեկացրեց, որ Սիրիայում տեղի ունեցող հայտնի իրադարձությունների հետևանքով Հայաստան է ժամանել 5000 սիրիահայ: Նրանց 60 տոկոսը Հայաստան էին եկել ժամանակավոր՝ 21 օր կամ 2 ամիս ժամկետով: Սակայն նրանք երկարաձգում են կացությունը, այդ պատճառով վիզաների երկարաձգման, կացության ժամկետի երկարացման անհրաժեշտություն է առաջանում: Եթե այդ գործընթացն անցնելու և մի քանի ամսով վիզաներն ու կացության թույլտվությունը երկարաձգելու համար նախկինում մեկ անձը պետք է մոտ 150 հազար դրամ պետական տուրք կամ տույժ վճարեր, ապա առաջարկվող փոփոխություններով այդ գոմանրները չեն գանձվի:
Օրենքը, բացի Սիրիայից, վերաբերելու է նաև բոլոր երկրների քաղաքացիներին, որոնք Հայաստան են գալիս այն դեպքում, երբ իրենց հայրենիքում կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգ կա: Հրանուշ Հակոբյանը նշեց, որ ըստ հաշվարկների՝ սիրահայերին ազատելով այս տուրքերից ու տուգանքներից՝ պետբյուջե չի մուտքագրվի 150 մլն դրամ, սակայն այս փոփոխությունն անհրաժեշտություն է: Նա առաջարկեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել օրինագիծը:









































