Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Դմիտրի Շաշկինը որոշել է լքել Վրաստանը: Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում: Իր այդ որոշումը չինովնիկը պայմանավորել է հոկտեմբերի 1-ին Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներով:
Շաշկինն ընդգծել է, որ հարգում է ընտրողների մեծ մասի ընտրությունը, որոնք նախապատվությունը տվել են «Վրացական երազանք» դաշինքին, սակայն նա անձամբ չի աջակցում այդ քաղաքական ուժին. «Ես աշխատել եմ Միխեիլ Սաակաշվիլիի կառավարությունում, ինչի համար էլ կիսում եմ նրա գաղափարներն ու իդեալները: Հուսով եմ, որ հետագայում կվերադառնամ հայրենիք, որպեսզի ծառայեմ իմ ժողովրդին»:
Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունների անցկացումից հետո վրացական ընդդիմադիր մամուլը շարունակ ուշադրություն էր հրավիրում այն բանի վրա, որ անընդհատ ձգձգվում է Դմիտրի Շաշկինի ամերիկյան գործուղման ավարտը, և որ նա դեռ չի վերադարձել Վրաստան:










































