Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ թուրք-սիրիական վերջին զարգացումների հետևանքով Թուրքիան 87 անգամ կրակ է բացել Սիրիայի վրա՝ սպանելով սիրիացի 12 զինվորի և ոչնչացնելով սիրիական մի քանի տանկ:
Սիրիական կողմն իր հերթին 27 արկ է ուղարկել Թուրքիայի տարածք, ինչին ի պատասխան Թուրքիան արձագանքել է 87 անգամ: Թերթի աղբյուրի համաձայն, Թուրքիայի զինված ուժերը Սիրիայի տարածքում ոչնչացրել են 5 տանկ, 3 զրահամեքենա, 1 ականանետ, 1 զինամթերքով լեցուն ավտոմեքենա և 2 զենիթային սարք, ինչպես նաև բազմաթիվ վնասներ են պատճառել Սիրիայի զինված ուժերի ռազմական տեխնիկային:
Սիրիայի տարածքից արձակված 18 ականանետային արկերն ընկել են Աքչաքալեում, իսկ 9-ը՝ Հաթայում: Թուրքիան իր հերթին 69 անգամ կրակել է Հաթայից և 18 անգամ՝ Աքչաքալեից: Այդ ողջ ընթացքում մարտական պատրաստվածության են բերված եղել Ադանայի մոտ գտնվող և Սիրիայի սահմանից մոտ 100 կիլոմետր հեռավորության վրա ընկած Ինջիրլիքի ավիաբազայում գտնվող Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչները:








































