Կիրակի Իսպանիայում անցկացված տարածաշրջանային ընտրություններն ավարտվել են երկրի հյուսիսում տեղակայված ինքնավար Բասկերի երկրում ազգայնականների և հյուսիսարևմտյան Գալիսիայում պահպանողականների հաղթանակով: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Բասկերի երկրում ձայների մեծամասնությունը ստացել է Բասկյան ազգայնական կուսակցությունը: Նոր խորհրդարանում կուսակցությունը կստանա 27 տեղ (ընդհանուր՝ 75 աթոռ): Նախկինում կուսակցությունն այնտեղ ներկայացված է եղել 30 պատգամավորով: Այդ փոփոխության պատճառը 2011-ին հայտնված նոր քաղաքական ուժն է՝ «Բիլդու» կոալիցիան: Բազմաթիվ բասկեր քվեարկել են հենց այդ կոալիցիայի օգտին, որի ներկայացուցիչները խորհրդարնում ստացել են 21 տեղ: Իսպանական սոցիալիստական աշխատավորական կուսակցությունը ստացել է 16, Ժողովրդական կուսակցությունը՝ 10, իսկ Առաջընթացի և ժողովրդավարության միությունը՝ 1 տեղ:
Ինչպես 2009 թվականին, կուսակցություններից և ոչ մեկին չի հաջողվել ստանալ բացարձակ մեծամասնություն՝ 38 տեղ՝ ղեկավարելու նախարարների տարածաշրջանային կաբինետը: Տարաշածրջանը կրկին կղեկավարի կոալիցիոն կառավարությունը:
Վերլուծաբանների կարծիքով՝ առավել հավանական միությունը կլինի Բասկյան ազգայնական կուսակցության և Իսպանական սոցիալիստական աշխատավորական կուսակցության միջև: Այն կոչված կլինի իշխանությունից հեռացնելու «Բիլդուին», որն արագ հզորանում է և մոտ է ԷՏԱ ահաբեկչական խմբավորմանը:
Երկրորդ ինքնավարությունում՝ Գալիսիայում, ընտրությունները նույնպես անց են կացել առանց անակնկալների: Ինչպես և սպասվում էր, հաղթանակը տարել է Ժողովրդական կուսակցությունը: Նրա ներկայացուցիչները 75 տեղանոց խորհրդարանում 41 աթոռ կզբաղեցնեն: 2009 թվականի համեմատ (38 տեղ) կուսակցությունը ուժեղացրել է դիրքերը: Իսկ ահա Իսպանական սոցիալիստական աշխատավորական կուսակցությունը 25-ի փոխարեն ստացել է 18 մանդատ: Գալիսիական ազգայնական բլոկը կներկայացվի 7 պատգամավորով, իսկ Ձախ գալիսիական այլընտրանքը խորհրդարանում կունենա 9 ներկայացուցիչ:
Այս տարածշրջանի ընտրությունները ցուցիչ էին իշխող Ժողովրդական կուսակցության քաղաքականության հանդեպ, որն անցկացնում է պետական ծախսերի, այդ թվում՝ սոցիալական վճարների կրճատման կուրս։







































