Մեծ Բրիտանիայի Լինկոլնշիր կոմսության տարածքում բնակվող տարեց ամուսնական զույգը զբաղվել է մարիհուանա աճեցնելով և ստացված ողջ հասույթը փոխանցել է Քենիայի գյուղերից մեկին։ Ամուսիններին դատապարտել են երեք տարվա ազատազրկման: Մայքլ Ֆոսթերը և Սյուզան Կուպերն իրենց այգում մարիհուանայի մի ամբողջ պլանտացիա են աճեցրել:
Առաջին անգամ բրիտանացիներն այս գործով զբաղվել են 2004 թ.: Նրանց ընդհանուր եկամուտը մոտ 400 000 ֆունտ սթեռլինգ (645 000 դոլար) է կազմել: Ստացած գումարը զույգն ուղարկել է քենիական գյուղ՝ անհրաժեշտ դեղամիջոցներ գնելու, ուսումնառության, և տեղական հիվանդանոցի համար համակարգիչներ գնելու համար:
Դատախազի խոսքերով՝ 62-ամյա Ֆոսթերը և 63-ամյա Կուպերն ապրել են երկակի կյանքով. ցերեկն օգնել են մարդկանց, իսկ գիշերը հսկայական ծավալով մարիհուանա են վաճառել նարկոբարոններին:
«Դա թմրանյութերի շրջանառությանը վերաբերող ամենաանսովոր գործն է, որին ես երբևէ բախվել եմ»,- ընդգծել է դատախազը:
Ոստիկանները բոլորովին պատահական են հայտնաբերել մարիհուանայի պլանտացիան: Հետևելով մի հանցագործի՝ նրանք պատահաբար հայտնվել են ամուսինների այգում և զգացել են յուրահատուկ հոտը:









































