Տարբեր երկրների արվեստագետների ու գիտնականների՝ մի քանի տարի տևած գեղարվեստական համագործակցությունը, ոչ պաշտոնական զրույցները և հանրային քննարկումները հանգեցրել են «Լռեցնելու (և ձայն տալու) ռազմավարություններ» (ԼՁՏՌ) գիտաժողովին:
Հոկտեմբերի 26-27-ը Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի կունենա «Լռեցնելու (և ձայն տալու) ռազմավարություններ» (ԼՁՏՌ) գիտաժողովը, որին որպես հիմնական զեկուցող մասնակցելու Հնդիկ վիպասան Ամիթավ Գոշը:
ԼՁՏՌ-ն սկզբնավորվել էր «Կույր ժամադրություններ» նախագծի նախաձեռնությամբ, որը նպատակ ունի գտնել հետքերը կամ այն, «ինչ մնացել է» ժողովուրդներից, վայրերից և մշակույթներից, որոնք մի ժամանակ կազմել են Օսմանյան կայսրության բազմազան աշխարհագրությունը:
Սույն ձեռնարկը փորձ է՝ ուսումնասիրելու խզումների, անջրպետների, ոչնչացումների, ինչպես նաև (վերա)կառուցումների տարբեր տիպի հետևանքները ժամանակակից փորձառությունների ոսպնյակի միջով։ ԼՁՏՌ-ն կենտրոնանում է գեղարվեստական պրակտիկայի, գրականության և էթիկայի/օրենքի ոլորտներում առկա փոխհատումների հետազոտության վրա:
Համաժողովը կանդրադառնա նաև համեմատություններին և հակասություններին՝ նմանատիպ կամ զուգահեռ խզումների «մնացորդներին» առնչվելիս, ներառյալ խորհրդային վարչակարգին և Սառը պատերազմին վերաբերող իրողությունները։
Միջազգային համբավ վայելող բենգալական հնդիկ հեղինակ Ամիթավ Գոշը լինելու է գիտաժողովի հիմնական բանախոսը։ Ականավոր վիպասանը զեկուցելու է 1916-1918 թվականներին Սիրիայի մահվան ճամբարներում հնդիկ և հայ գերիների միջև հարաբերությունների մասին։
Զեկուցումներով հանդես կգան գիտնականներ, արվեստագետներ և մշակութաբաններ Հայաստանից, Գերմանիայից, Հունաստանից, Շվեյցարիայից, Թուրքիայից և Միացյալ Նահանգներից։ «Նրանց թեմաները ձգվում են ազգային պատմությունների վերանայումից, բռնությունը և տրավման արտահայտելու սահմանափակումներից և հնարավորություններից մինչև քննադատական հեռանկարները՝ կայսրությունների ժառանգությունը վերապատկերելիս…»,– ասում է Նիրի Մելքոնյանը՝ «Կույր ժամադրություններ» նախագծի արտաքին տնօրենը և ԼՁՏՌ-ի նախաձեռնողը։









































